Օրեր առաջ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ հուլիսից ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի Վրաստան ճամփորդելու համաձայնագիրը։
«Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։ Հաջորդ ամսվա սկզբից այն արդեն ուժի մեջ կմտնի, մինչ այդ կստորագրի նաև Վրաստանի նախագահը։ Այս նախագծի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիների կյանքը կհեշտացվի, և նրանք կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան»,– հայտարարել է Խանդանյանը։
Երեկ ՀՀ ԱԳՆ-ն
տարածեց հաղորդագրություն այն մասին, որ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո միայն, այսինքն՝ դեռ հնարավոր չէ նույնականացման քարտով մեկնել Վրաստան կամ հակառակը, այնինչ՝ շատ քաղաքացիներ կարծում էին, որ դա հնարավոր կլինի այսօրվանից։
Oragir.News-ի հետ զրույցում տուրիզմի ոլորտի փորձագետ Դիաննա Մնացականյանը նկատեց. «Աշխարհի բոլոր երկրներում, երբ որևէ կարգի վիզաների ազատականացում է լինում, դա որոշակի գործընթաց է պահանջում, այսինքն՝ այդ մասին հայտարարվում է, որ նշված կետերով իրենք պետք է աշխատեն և ըստ այդմ՝ սկսվում է այդ ընթացակարգի աշխատելաոճը, ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ ոճով պետք է տվյալ ընթացակարգը անցկացնի»։
Մնացականյանը նշեց, որ նախորդ հայտարարությունն այն մասին էր, որ թե՛ Հայաստանի, թե Վրաստանի կողմից կա տվյալ հարցի շուրջ համաձայնություն, այսինքն՝ երկու կողմն էլ համաձայն է տվյալ հարցի շուրջ դրական արդյունք ունենալուն։
Ոլորտի փորձագետն ասաց նաև, որ նույն խնդիրն ունենք նաև Եգիպտոսի հետ և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ «Կա համաձայնեցում, որ վաղ թե ուշ պետք է լինի ազատականացում, այսինքն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մենք պետք է մեկնենք առանց վիզա, բայց դա դեռ ուժի մեջ չի մտել։
Այսինքն՝ այդ համաձայնագիրը որպես այդպիսին կա ԱԳՆ-ների կողմից հաստատված, բայց դրա հետ մեկտեղ, պետք է իրենց խորհրդարանը հաստատի և այլն, այսինքն՝ դա որոշակի ընթացակարգ է իրենից ենթադրում»։
Հարցին, թե այսօրվանից չե՞ն կարող նույնականացման քարտերով մեկնեկ Վրաստան՝ Մնացականյանը պատասխանեց. «Առայժմ չկա նման բան, ես կարծում եմ, որ մոտակա վեց ամսվա ընթացքում կլինի»,- նշեց Մնացակայնանը և ավելացրեց, որ հստակ ժամանակ կդժվարանա նշել, հնարավոր է՝ դա լինի առաջիկիա 3 ամսվա ընթացքում կամ ավելի ուշ։