Թոշակառուն բանկային քարտով կոմունալ վճարում կատարելիս կստանա 10 %-ի չափով հետվճար. նախագիծն ընդունվեց

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:51 19-05-2022
Կառավարության հերթական նիստում քննարկվում է «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառում հաստատելու մասին» հարցը, որի զեկուցողն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից. «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ նրանից, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Պետությունը և բանկը այդ ամենին մասնակցում են հինգական տոկոս համամասնությամբ»։

Նախարարն ասաց՝ եթե նախորդ նիստում մտածում էին սննդային առևտրի կետերի և դեղատների պարագայում կլինի տասը տոկոս հետվճար, ապա այս դեպքում բոլոր այն առևտրի կետերում և կազմակերպություններում, որտեղ կկարողանան քարտերի միջոցով վճարումներն անկանխիկ ձևով անել, այն կհաշվարկվի և մյուս ամիսվա հանրագումարի չափով տասը տոկոս հետվճար կտրամադրվի, իսկ կոմունալների մասով՝ այն բանկոմատների միջոցով, որոնցով կոմունալ վճարումներ կկատարեն, բանկը կտեսնի և դրա հետվճարն էլ կտրամադրի, բայց անկանխիկ եղանակով։ Մկրտչյանը նաև նշեց, որ հազար նպաստառու շահառու կան, ովքեր ստանում են բանկային քարտի միջոցով նպաստներ։

Փաշինյանն ասաց, որ ծրագիրը կանեն վեց ամսով, որից հետո արդեն կմտածեն՝ երկարաձգե՞ն , թե՞ ոչ։

Նախագիծն ընդունվեց միաձայն։

Մանրամասն՝ տեսանյութում։