ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում
պարզվել են Էդգար Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ ՔԿ միջնորդություն է ներկայացրել, որ իրեն հնարավորություն տան ծանոթանալ գործի նյութերին, սակայն այդ միջնորդությունը մերժել են։
«Ինձ գործի ընթացքում մերժել են ծանոթանալ գործի նյութերին և ես իրենց շատ վաղուց եմ ասել, որ տեսանյութ հրապարակեք, եթե չեք կարողանում մարդկանց գտնել, դա էլ են մերժել ու հիմա ինքնուրույն որոշում են կայացրել իրենց համար ցանկալի ոչ ամբողջական տեղեկատվություն հրապարակել, որը, անկեղծ ասած, շատ հարցերի մտածելու տեղիք է տալիս ինձ համար։
Օրինակ, եթե հայտնաբերել են այդ մարդկանց, ինչո՞ւ է, որ քննիչը ստորագրությունը չհեռանալու վերաբերյալ խափանման միջոց է ընտրել, այլ ոչ թե, ենթադրենք, ձերբակալություն, ինչո՞ւ չեն ձերբակալվել այդ մարդիկ։ Չէ որ նրանք իմ նկատմամբ նման գործողություն են արել և ազատության մեջ մնալով կարող է էլի անեն կամ ուրիշ մարդու նկատմամբ կարող է անեն, չէ՞։
Նման ծանր հանցագործություն կատարած մարդիկ ինչո՞ւ են մնացել ազատ, իր որոշումը ինչո՞ւ է, որ նա նրանց միանգամից չի ձերբակալում կամ չի միջնորդվում նրանց կալանքը, առավել ևս, որ հրավիրել են ՔԿ և ի՞նչ է պարզում այդ հաղորդումը, որ իրենք նաև չեն ներկայացել ՔԿ, այսինքն՝ նաև ցուցաբերում են քննությունից խուսափելու վարքագիծ։
Բացի դա հաղորդագրության մեջ բնակության վայր է նշված՝ Առինջ գյուղ, տարիքներ է նշված, բայց նույնիսկ անունները, չեմ ասում՝ ամբողջական անունները, քրեական գործի նյութերում, որպես կանոն չի նշվում քանի դեռ բացահայտված չէ ամբողջությամբ, բայց գոնե անվան առաջին տառերը, որպես կանոն գրում են, բայց այդ հաղորդագրության մեջ անձի վերաբերյալ որևէ թեկուզ մոտավոր տեղեկություններ նշված չէ»,- ասաց Ղազարյանը։
Էդգար Ղազարյանը նշում է, որ նայելով ՔԿ-ի մյուս բոլոր հաղորդագրությունները կտեսնեք, որ մարդու ամբողջական անուն-ազգանունը կամ առաջին տառերը միշտ նշված է, բայց այս դեպքում որևէ տեղեկություն չկա։
Ղազարյանն ասաց, որ մինչ տեղեկության հրապարակելը 20 միջնորդություն է ներկայացրել և 20-ն էլ մերժվել են։ Ղազարյանը նաև ասաց, որ միջնորդություն է ներկայացրել հարցաքննելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, քանի որ վստահ է, որ հանցագործությունը երկու մաս ունի և կարծում է, որ այս ամենը պատվիրատու ունի։
«Ես քննիչին էլ եմ հայտնել, որ ես չունեմ որևէ անձնական, ընտանեկան, նյութական, կենցաղային, գույքային, ֆինանսական խնդիրներ, որը կարող էր նման պրոբլեմներ առաջացնել և որևէ մեկը մտածեր իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին։
Ակնհայտ է, որ դա իրականացվել է բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված։ Դա նշանակում է, որ եթե դա իրականցում է անծանոթ մարդու կողմից, ակնհայտ է, որ չեն կարող սեփական նախաձեռնություն ցուցաբերել, ուրեմն իրենք ունեն պատվիրատու, ինչ-որ մեկը պատվիրել է իրենց կատարելու այդ բռնությունը, հանցագործությունը։ Իսկ ես ինչու եմ միջնորդել, որ հարցաքննեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որովհետև 2 օր առաջ ԱԺ-ում նա ասաց, որ ընդդիմադիրներին իրենք են որոշում երբ ծեծեն։ Դա նշանակում է, որ իրենք ընդդիմադիրների նկատմամբ բռնություն գործադրելու գրաֆիկ ունեն, անունների ցանկ ունեն, որոշում են՝ ում նկատմամբ երբ բռնություն գործադրեն։
Ես առաջին օրն եմ ասել, որ որպես կասկածյալ այդ հանցագործության պատվիրատու համարում եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ Վահագն Ալեքսանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի տեղակալն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը այդ կուսակցության վարչության նախագահն է, Վահագն Ալեքսանյանը վարչության նախագահի տեղակալն է։
Ես միջնորդել եմ ՔԿ, որպեսզի Վահագն Ալեքսանյանին էլ հարցաքննեն ու պարզեն՝ ինքը արդյո՞ք այդ պատվիրատուների մեջ է, թե ոչ, որովհետև իմ կարծիքով կարող է նաև ինքը լինել, վստահ չեմ, քննությունը կպարզի։ Միգուցե ինքը նաև ինքնախոստովանական ցուցմունքով կներկայանա, եթե դա ինքն է»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ եզրափակելով զրույցը։