Այսօր ուղիղ կեսգիշերին՝ ժամը 24:00-ին «Երկիր Մեդիա»-ն կրկին կլինի հանրապետական եթերում։
Oragir.News-ի հետ զրույցում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ասաց, որ ԱԺ-ի կողմից մարտ ամսին ընդունվել է օրենք, որը ուժի մեջ է մտել ապրիլին և իրենց համար իրավական հիմք է ստեղծել, որով իրենք դիմել են ազատ սլոթի վրա իրենց հեռարձակումը շարունակելու համար, որը ընդհատվել էր հունվարի 21-ին։
«Այսինքն՝ այս օրենքում նման իրավական հիմքեր կային, մենք դիմեցինք ՀՌՀ հանձնաժողովին, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համատեղ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ ընդունված օրենքը նման հնարավորություն «Երկիր Մեդիա»-ի համար ստեղծում է»։
Եսայանը հավելեց նաև, որ իրենք համապատասխան դիմումը ներկայացրել են ՀՌՀ հանձնաժողովին. «Մենք լուծել ենք նաև աշտարակի ֆինանսական մեր պարտավորությունների հարցը և կարողացել ենք նրան, որ նորից եթեր ենք մտնելու»։
Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն ամիսներ առաջ ՀՌՀ կայացրած մրցույթի արդյունքում զրկվել էր արտոնագրից։