Համացանցում ակտիվ քննարկվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջի
հրապարակումը։
Աննա Հակոբյանը գրել է, որ երևանյան սրճարաններից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջել է հայալեզու ճաշացանկ, սակայն ռուս աշխատակիցը չի հասկացել, թե ինչ է ուզում հաճախորդը և չի տրամադրել հայալեզու ճաշացանկ։
«Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ եւ ինքը եւ իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։ Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պետական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը։

Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանն ասաց, որ Աննա Հակոբյանը բան ու գործը թողած հետևում է սրա-նրա գրառումներին, տեսանյութերին։
«Համենայն դեպս ես այդպես եմ հասկանում, ավելին ասեմ՝ հետևելով հանդերձ սրա-նրա նյութերին, մտնում է այդ մարդկանց անձնական էջերը ու հավաքագրում, մշակում է այդ մարդկանց անհատական տվյալները, ինչը օրենքով արգելված է։
Ինչ-որ մի տեղ տեսանյութ է տեսել Հակոբյան Աննան, ըստ որի՝ ինչ-որ սրճարանում հաճախորդը ցանկացել է հայալեզու ճաշացանկ և ռուս մատուցողուհին չի հասկացել՝ ինչ է ուզում հաճախորդը՝ այն պարզ պատճառով, որովհետև ռուս է, չի հասկացել և չի տրամադրել այդ մարդուն հայալեզու ճաշացանկ, Աննան էլ վրդովվել է դրանից և թե բա՝ ինչո՞ւ է այդպես, այդ ռուս աղջիկը դեռ չի հասցրել 2 տարում Հայաստանում հայերեն սովորել, նման ինչ-որ սրտաճմլիկ նախադասություններ ու բացի դա հիմնական թիրախը Հակոբյան Աննայի դարձել է այն մարդը, ով հրապարակել է այդ ամբողջ տեսանյութը։
Նախ և առաջ ուզում եմ հասկանալ մի բան, Հայաստանում գործում է լեզվի մասին օրենք, որը հստակ բոլորիս՝ ռուսներին, թուրքերին, իսպանացիներին կամ ֆրանսիացիներին պարտադրում է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, այսինքն՝ եթե կա սրճարան, կա գործարան, եթե կա ինչ-որ նախարարություն, ինչ-որ վարսավիրանոց, պետական լեզուն, գրագրությունը այդ հաստատությունում պետք է լինի հայերեն, դա միանշանակ է»,- ասաց Հեքիմյանը։
Հեքիմյանն ասում է, որ այս հարցով դիմել է Լեզվի կոմիտե և պահանջել է՝ սրճարանի տնօրինության վրա հարուցել վարչական վարույթ։ «Ես այս հարցով դիմել եմ Լեզվի կոմիտե, պահանջել եմ այս Հակոբյան Աննայի գրառման վրա հարուցել վարչական վարույթ այդ սրճարանի նկատմամբ, որտեղ եղել է այդ ոչ հայալեզու ճաշացանկը և Հակոբյան Աննային էլ ներգրավել որպես վկա այդ վարույթում։
Փաստորեն՝ այդ մարդը գիտի իրավախախտման մասին մանրամասն, թող գնա Լեզվի կոմիտե, վարչական վարույթի շրջանակներում որպես վկա իր իմացածը ասի»,- ասաց Հեքիմյանը։