Փաշինյանը ստել է անգամ իր ընտրողներին, ովքեր իրեն Արցախը հանձնելու մանդատ չեն տվել
copy image url

Փաշինյանը ստել է անգամ իր ընտրողներին, ովքեր իրեն Արցախը հանձնելու մանդատ չեն տվել

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:00 19-06-2023
Ինչպես հայտնի է, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի կառավարման նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կրել էր բազմաթիվ կորուստներ, Արցախի գրեթե 75%-ն անցել էր Ադրբեջանի վերահսկողությանը և այլն։

Այս իրավիճակում բազմաթիվ փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ նախազգուշացնում էին, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած և կապիտուլյացիայի ենթարկված քաղաքական ուժն այլևս չի կարող ղեկավարել երկիրը, իսկ եթե վերջինիս հաջողվի պահպանել իր իշխանությունը, ապա նոր կորուստներն ու աղետները անխուսափելի են լինելու։

Այս ամենը որևէ կերպ չէր կանգնեցնում Հայաստանի երբեմնի հեղափոխական իշխանությանը և վարչապետին, ով մուրճը ձեռքին շրջում էր գյուղեգյուղ, բազմաթիվ խոստումներ էր շռայլում մարդկանց և վերջիններիցս պողպատե մանդատ էր խնդրում՝ իր խոսքով երկրում այսպես կոչված «իրավունքի դիկատուրա» հաստատելու համար։

Նիկոլ Փաշինյանը չէր վարանում խոստումներ շռայլել նաև Արցախի հարցում՝ հաշվի չառնելով անգամ, որ իր կառավարման օրոք Արցախի տարածքի մեծ մասը՝ այդ թվում նաև Շուշին և Հադրութը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նախընտրական քարոզարշավի օրերին ընդդիմադիր գործիչները, մասնավորապես, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էին, որ իրենց հաղթանակի պարագայում բանակցությունների միջոցով հնարավոր են համարում նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնումը, որից Արցախը պատերազմի հետևանքով կորցրել էր Հադրութի ողջ շրջանը, Շուշի քաղաքը և որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու, Մարտկերտի և Շուշիի շրջաններից։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն չէր կարող զրկել այդ գայթակղությունից և հայ հասարակությանը նմանատիպ խոստումներ չտալ՝ հանուն իր իշխանությունը վերարտադրելու։

Փաշինյանի գլխավորած կուսակցության ՔՊ-ի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում նշված են, որ կուսակցության ուղենիշն են ինչպես ՀՀ և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։ ՔՊ-ն պնդում էր, որ իր արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Մասնավորապես, ընտրություններից հետո ՔՊ-ի նախընտրական ծրագրում խմբագրվել է Արցախյան հակամարտությանը վերաբերող բաժինը, որն այժմ հետևյալ բովանդակությունն ունի. «Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը:

Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂ հայերը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի և արցախցի: Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ ներգրավվածությամբ»։

Նկատենք, որ Փաշինյանի կուսակցությունը 2021 թվականին իշխանության է եկել ԼՂԻՄ տարածքի դէօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի պաշտպանության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները շարունակելու խոստումներով, սակայն ներկայումս ամբողջովին փոխել է իր նախընտրական ծրագիրը, և ինչպես Հայաստանի վարչապետն է հայտարարել, ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, որում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղը։

Փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը ստել է անգամ իրեն ընտրած ավելի քան 680 հազար քաղաքացիներին, ովքեր հաստատապես իրեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատ չեն տվել։ Այս մասին վկայում է, ոչ միայն ՔՊ-ի նախընտրական ծրագրում կատարված փոփոխությունները, այլ նաև տարբեր սոցհարցումները, որոնցով Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է նման տարբերակին, ինչպես նաև անձամբ Փաշինյանին քվեարկած քաղաքացիները, որոնք տարբեր լրատվամիջոցների՝ այդ թվում նաև Oragir.News-ի հետ զրույցում նշում են, որ նման տարբերակն իրենց համար անընդունելի է։

Առհասարակ ցանկացած երկրում, որտեղ քիչ թե շատ առկա է ձևավորված ընտրական մշակույթ, ինչպես նաև հարգանք ընտրական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ, երբ կառավարող ուժը տրամագծորեն շեղվում է իր նախընտրական ծրագրից՝ այն էլ այնպիսի հարցում, որը էքզիստենցիալ նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի համար, ընդունված է, որ իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնի, և արտահերթ ընտրություններ կայանան։

Սակայն, ափսոսանքով պետք է նշենք, որ Հայաստանում նման հեռանկարը չափազանց անիրատեսական է, քանի որ տիտղոսային ընդդիմության կողմից նման պահանջ առհասարակ չկա, և վերջինիս ներկայացուցիչները մտավախություններ ունեն, որ նոր ընտրությունների դեպքում առհասարակ չեն հայտնվի խորհրդարանում, կամ չեն հայտնվի այն համամասնությամբ, որն առկա է այսօր, իսկ իշխանությունը նախևառաջ չունի նման գիտակցում և քաղաքական կամք, ինչպես նաև հեգնանքով նշում է, որ իրեն ձայն տված քաղաքացիների մեծամասնությունը չի ընթերցել իր ներկայացրած նախընտրական ծրագիրը։

Առհասարակ նկատենք, որ սա շատ լուրջ խնդիր է, քանի որ այն հետագայում էլ կնպաստի, որ բազմաթիվ քաղաքական ուժերը ընտրություններից առաջ մարդկանց գեղեցիկ խոստումներ շռայլեն, իսկ իշխանության գալուց հետո տարբեր պատճառաբանություններով հրաժարվեն դրանք կատարելուց։

Այս խնդիրը լուծելու համար նախևառաջ պետք է բարձրացնել քաղաքացիների կրթական մակարդակը, որ վերջիններս չխաբվեն գեղեցիկ խոսքերով փաթեթավորված դատարկ խոստումներին, իսկ խաբվելու պարագայում՝ առնվազն համապատասխան քայլեր ձեռնարկեն և պահանջեն իշխանությունների հեռացումը։ Նման փորձ Հայաստանում եղել է, երբ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իշխանափոխության հիմնական շարժիչ ուժը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն էր, որ նա չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն նախագահի պաշտոնը թողնելուց հետո խախտել էր իր այդ խոստումը։

Բացի այդ, նմանատիպ իրավիճակը կարող են կանխել նաև քաղաքական ուժերը, եթե վերջիններս ունենան անհրաժեշտ իրավագիտակցություն և համապատասխան օրենսդրական փոխոխություններ իրականացնեն, որով առանց լուրջ հիմնավորումների նախընտրական խոստումներից հրաժարումը, ինչպես նաև դրանց տրամագծորեն հակասող քայլերի կատարումը կհանգեցնի ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական հետևանքների։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի