ՀՀ ազգային ժողովում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու քննարկումները անցան թեժ մթնոլորտում. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարան գալուց առաջ «ուսումնասիրել» էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված, մասնագիտությամբ իրավաբան, գործող փաստաբան Անահիտ Սարգսյան թեկնածուի ֆեյսբուքյան էջը։
Oragir.News-ի հետ զրույցում արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, խոսելով ՄՊՀ անդամի ընտրության ժամանակ ՔՊ-ական պատգամավորների պահվածքից, ասաց. «Նրանք ցուցաբերում են քաղաքական անհանդուրժոսղականություն ընդդիմության կողմից անկախ մարմինների պաշտոններում առաջադրվող թեկնածուների նկատմամբ, նույնը եղավ նաև իմ պարագայում, երբ որ ես առաջադրվել էի ՄԻՊ թեկնածու»,- ասաց մեր զրուցակիցը։
Ղազարյանը նկատեց,որ նույնը չենք կարող ասել իրենց թեկնածուների մասին, նրանք առանց քննարկելու իրենց քաղաքական թիմի անդամներին ընտրում են տարբեր ղեկավար պաշտոններում․ «Այդպես ընտրել են Գլխավոր դատախազ, ԿԸՀ-ի նախագահ, ՄԻՊ, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ որ թեկնածությունը իրենք են առաջադրում՝ առանց քննարկելու, հասկանալու թե այդ թեկնածուն ինչքանով է այդ պաշտոնին համապատասխանում, միայն քաղաքական շարժառիթներով, ընտրում են նրան, իսկ եթե հանկարծ ընդդիմությունն է թեկնածու առաջադրում որևէ անկախ պաշտոնում, ապա ամբողջ թիմով, խախտելով էթիկայի հետ կապված բոլոր նորմերը և սկզբունքները, որոնք նաև օրենքով են ամրագրված և ԱԺ կանոնակարգի պահանջ են հանդիսանում, բացի դրանից, որ չեն ընտրում առաջադրված թեկնածուին, հետն էլ թույլ չեն տալիս, որ այդ թեկնածուն ելույթ ունենա, ազատ իր տեսակետները ներկայացնի։ Գայլային, գազանային, ոհմակային կանոններով հարձակվում են մարդկանց վրա և օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը՝ իրենց գլխաքանակով, մեծամասնության հանգամանքը թույլ չեն տալիս, որ թեկնածուի շուրջ քննարկումներ անգամ տեղի ունենան»։
Դիտարկմանը, որ ՔՊ-ականների նման պահվածք դրսևորելու դեպքում էլ ոչ մի ընդդիմադիր գործիչ չի համաձայնի առաջնորդվել ինչ-որ պաշտոնում, Ղազարյանը արձագանքեց. «Պաշտոնում առաջադրվելու իմաստը պետք է լինի ոչ թե ընտրվելը, այլ ամեն անգամ նրանց էությունը բացահայտելը և հանրությանը ներկայացնելը, որպեսզի մարդիկ իմանան, թե ովքեր են այն պատգամավորները, ովքեր կայացնում են պետության և ժողովրդի համար կարևոր որոշումները»,- ասաց Ղազարյանը։
Հարցին, թե այդ պաշտոնում կոնկրետ տեղեր հատկացված չէին ընդդիմությանը, կարող ենք ասել, որ օրենքը ձևական բնույթ է կրում, Ղազարյանը պատասխանեց. «Այո՛, բա նույնը չի վերաբերում ԱԺ կանոնակարգ օրենքին, որտեղ Դոնթի բանաձևով պետք է ԱԺ փոխնախագահը լիներ ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված, ԱԺ-ն առնվազն երեք մշտական հանձնաժողովի նախագահ պետք է լինեին ընդդիմությունից, հանձնաժողովի փոխնախագահներ։ Այս մարդկանց համար Սահմանադրություն, օրենքներ իրավական ակտեր գոյություն չունեն, գոյություն ունեն հանցավոր խմբի կոլեկտիվ շահեր։ ՔՊ խմբակցությանը առաջնորդող որևէ այլ գործոն գոյություն չունի»։
Ղազարյանը հիշեց Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերից մեկը. «Փաշինյանը ինքն էր ասում, չէ՞, որ եթե մեր մտադրություններին, քաղաքականությանը Սահմանադրությունը կխանգարի, այն կփոխենք, Անկախության հռչակագիրը կխանգարի, հռչակագիրը կփոխենք, օրենքները կխանգարեն, օրենքները կփոխենք, այսինքն՝ ոչ թե կենթարկվենք դրանց պահանջներին, այլ կփոխենք։ Կփոխեն հակաժողովրդական մեթոդներով, գլխաքանակի սկզբունքներով, ուժի կիրառումով, բռնությամբ»։