Չնայած համավարակը նահանջել է, բայց Քովիդի հետևանքները դեռ համառորեն անհանգստացնում են մարդկանց։ Հետքովիդային բարդություններից են նաև սեռական և վերարտադրողական խանգարումները։
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանն
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ վերջին երկու տարում շատացել են այն պացիենտները, որոնց սեռական գանգատները ի հայտ են եկել հատկապես կորոնավիրուսից հետո․ «Մեր դիտարկումները պարզել են, որ կորոնավիրուս կրած պացիենտների զգալի մասը, որպես բարդություն, ունենում է սեռական և վերարտադրողական զանազան խնդիրներ՝ սեռական ցանկության նվազում, սեռական գրգռման խանգարում, սերմնահեղուկի որակի վատացում և այլն։ Ընդ որում, որքան ծանր է ընթացել կորոնավիրուսը, այնքան ավելի արտահայտիչ են սեռական և վերարտադրողական խանգարումները։ Փորձենք հասկանալ։
Պարզվել է, որ կորոնավիրուսը կարող է տևական ժամանակ «թաքնվել» ամորձիներում և առաջացնել ամորձիների բորբոքում, ինչի արդյունքում գրեթե միշտ իջնում է գլխավոր սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, որն արտադրվում է ամորձիներում։ Տեստոստերոնի նվազումը, ինչպես նաև կորոնավիրուսի՝ որպես բարդություն նկատվող նյարդահուզական խանգարումները դառնում են սեռական խնդիրների առաջացման պատճառ։
Մեր երեք տարվա ուսումնասիրությունները պարզել են, որ տեստոստերոնի դեֆիցիտ է հայտնաբերվել COVID-19-ով բոլոր հիվանդների մոտ, ովքեր դիմել են սեռական գանգատներով։ Ընդ որում, նկատվել է կապ տեստոստերոնի նվազման և հիվանդության ընթացքի ծանրության միջև. տեստոստերոնի առավելագույն նվազումը արձանագրվել է հիվանդության ծանր ընթացք ունեցող հիվանդների մոտ։ Ըստ այդմ, ավելի ընդգծված սեռական խանգարումներ են նկատվել ծանր ընթացքով հիվանդների մոտ, որոնց մոտ տեստոստերոնի մակարդակի առավելագույն նվազում է գրանցվել։
Բացի այդ, ամորձիներում են արտադրվում նաև սերմնաբջիջները, որոնք, ինչպես ցույց են տվել մեր և արտասահմանյան ուսումնասիրությունները, ծանր ընթացքով կորոնավիրուսից հետո, տուժում են թե՛ որակապես, թե՛ քանակապես»։
Սեքսոպաթոլոգը նշում է, որ հետագա բարդություններից խուսափելու նպատակով, հղիության պլանավորումից առաջ, կորոնավիրուսով վարակված տղամարդիկ պետք է ժամանակին դիմեն բժշկի՝ պարզելու հիվանդությունը իրենց սեռական և վերարտադրողական առողջության վրա բացասական ազդեցություն թողե՞լ է, թե՞ ոչ․ «Ժամանակին ցուցաբերված սեքսոլոգիական օգնությունը թույլ է տալիս հնարավորինս ճշգրտորեն հայտնաբերել խնդիրը և հնարավորինս շուտ կարգավորել այն»։