Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Նախիջևան տանող հաղորդակցության վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Այս մասին տեղեկացնում է Москва-Баку լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է նա։
Ադրբեջանի փոխվարչապետը շեշտել է, որ բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Նրա խոսքով՝ նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։
«Կապահովվեն ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ»,- ասել է նա՝ մեկնաբանելով փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի նիստի շրջանակներում բանակցությունների արդյունքները։
Մուստաֆաևը հավելել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։