Գնալով սաստկանում է «փակված լինելու» զգացողությունը, ամենածանրը անորոշությունն է
copy image url

Գնալով սաստկանում է «փակված լինելու» զգացողությունը, ամենածանրը անորոշությունն է

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:56 08-06-2023
«Մենք՝ արցախցիներս, մեծ երախտագիտությամբ ենք վերաբերում Մայր Հայաստանում կազմակերպվող բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Արցախի փրկությանը և մեծ ակնածանքով՝ բոլոր այդպիսի նախաձեռնություններում ներգրավված անձանց:

Մենք ինքներս էլ այստեղ հաճախակի էինք կազմակերպում շարժումներ, հավաքներ, հանրահավաքներ՝ ուղղված նույն նպատակներին: Դրանցից ոչ մեկը մինչև այսօր որևէ ակնառու արդյունք չի տվել, բայց հարկ եղած դեպքում կրկին կկազմակերպենք, որովհետև նախևառաջ դա մեր համար ենք անում՝ ամեն անգամ վերահաստատելով մեր անկոտրում կամքը՝ Արցախին տեր լինելու հարցում:

«Հայաքվե» նախաձեռնության մասին Արցախում շատ բան չգիտենք, բայց, ինչպես նշեցի, բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են համազգային նպատակների՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ մարդկանց համախմբելու գաղափարին, առհասարակ մեծ դրական արձագանքի է արժանանում արցախցիների և ցանկացած գիտակից հայ մարդու կողմից»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց արցախցի Գոհար Հայրապետյանը։

Գոհարը, խոսելով շրջափակված Արցախում մարդկանց ապրելակերպի և տրամադրվածության մասին, ասաց․ «Կյանքը շրջափակման պայմաններում շատ դժվար կողմեր ունի, որոնց մասին լսողն, իհարկե, չի կարող ամբողջությամբ հասկանալ:

Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն ու գազի բացակայությունը գլխիվայր են արել մեր առօրյան: Օրվա մեջ 6 ժամով Արցախը հոսանքազրկվում է, դա մեծ անհարմարություններ է ստեղծում կենցաղում, աշխատավայրերում, խանութներում... ամենուր: Այստեղ ամենապահանջված էլեկտրական սարքը՝ եռուցիչն է (кипятильник)»,-պատմում է Գոհարը։

Գոհար Հայրապետյանի խոսքով՝ ամենատհաճը երեկոյան 9-ից 11-ը տևող անջատումն է, սովորաբար լուսավոր Ստեփանակերտը հայտնվում է խավարի ու տագնապալի լռության մեջ: Նրա խոսքով՝ կարևոր խնդիրներից է նաև գնաճը. օրինակ՝ հունիսի սկզբին 1 կգ վարունգը կարելի էր գնել 1800 դրամով, հիմա բավականին էժանացել է՝ 550-900 դրամ կգ դիմաց:

«Գնալով սաստկանում է մեր մեջ «փակված լինելու» զգացողությունը: Դա հատկապես ճնշող է ամռանը, երբ արցախցիները սովորաբար գնում էին Հայաստան կամ Հայաստանից դուրս՝ հանգստանալու, տեսակցելու ու շփվելու հարազատների հետ: Ամենածանրը, սակայն, այս ամենի մեջ անորոշությունն է:

Ինչքա՞ն է տևելու այս ամենը, ինչպե՞ս ենք գոյատևելու ձմռանն այս պայմաններում, ի՞նչ ելք է ունենալու այս ամենը՝ սրանք արցախցիներին հուզող հիմնական հարցերն են: Բայց պետք է ասեմ նաև, որ մեր հողը մեզ անբացատրելի ուժ է տալիս՝ դիմակայելու այս դժոխային պայմաններին:

Դրա շնորհիվ ենք մենք այսքան հաստատակամ այստեղ ապրելու մեր որոշման մեջ, պատրաստ պայքարելու ու դիմանալու՝ ինչքան որ կպահանջվի»,- ընդգծեց արցախցի Գոհար Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված