Գևորգ Լոռեցյանի գործով նիստին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. վատացել է դատավորի զգացողությունը
copy image url

Գևորգ Լոռեցյանի գործով նիստին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. վատացել է դատավորի զգացողությունը

Ներքին 3 տարի առաջ - 18:14 11-04-2022
Չորս տարի է, ինչ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը անազատության մեջ է։ Չնայած պաշտպանական կողմի բողոքներին և միջնորդություններին՝ ներպետական ատյանները չեն փոխում նրա խափանման միջոցը։ Լոռեցյանի վերաբերյալ գործը քննվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Այժմ դատարանում լսում են վկաներին, 3 վկայի ցուցմունք արդեն լսել են, իսկ վերջինի՝ 4-րդի ցուցմունք տալու ժամանակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։

Oragir.news-ի հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանն ասաց, որ վերջին վկայի հարցաքննության ժամանակ դատախազը կատարել է լիազորություններից չբխող գործողություններ, իրենք առարկել են դատախազի գործողության դեմ, սակայն դատարանը հորդորել է առարկություն չներկայացնել։ Երբ իրենք շարունակել են առարկություններ ներկայացնել, դատավորը հանկարծակի հայտարարել է, որ իր առողջական վիճակը վատացավ։

Պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի Լոռեցյանի խափանման միջոց կալանքը փոխվի գրավով, սակայն դատավորը չի քննարկել միջնորդությունը. «Դատավորը չքննեց մեր միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ իր առողջական վիճակը անակնկալ վատացավ։ Դա եղավ, երբ մենք որոշեցինք դատախազի գործողությունների դեմ առարկել։ Դատավորն էլ ասաց՝ իմ առողջական վիճակը վատացավ, հետաձգում եմ դատական նիստը։ Եվ մեր միջնորդությունը դատարանը չքննեց, ուստի մենք զրկվեցինք նաև Վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորությունից»։

Փաստաբանը նշեց, որ այս գործով մի քանի անգամ կոպտորեն խախտվել են պաշտպանական կողմի իրավունքները, ուստի իրենք դիմել են էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար. «Դեռևս նորություն չունենք՝ հարուցվե՞լ է կարգապահական վարույթ, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։ Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» ու «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Ալբինա Բարեղամյան