«Մենք նախկինում էլ ենք ունեցել փաստաբաններ, որոնց վերաբերյալ քրեական գործեր հարուցվել են, որոնք անազատության մեջ են գտնվել տարբեր մեղադրանքներով, սա արտառոց բան չէ, բայց ես կարդացի Սուսաննա Սարգսյանի փաստաբանի գրառումը առ այն, որ կալանքի միջնորդության հիմքերից մեկն այն է, որ անձը հանդիսանում է փաստաբան, և իր հմտությունները և գիտելիքները խնդիր են առաջացնելու քննություն իրականացնելու համար։ Հետաքրքիր է, որ փաստաբան լինելը ծանրացնող հանգամանք է որոշ դեպքերում»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով փաստաբան Սուսաննա Սարգսյանի կալանավորմանը։
«Առհասարակ, մեր դատական համակարգը չունի կանխատեսելիություն, սա այն վտանգավոր մասն է, որ մենք ունենք, այսինքն՝ քաոտիկ վիճակ է։ Ու սա նրանից չէ, որ խիստ անհատականացված է մոտեցումը, այլ նրանից է, որ ով ինչ ուզում, անում է։ Դրա համար էլ տոտալ անկանխատեսելի է մեր արդարադատոթյունը։ Մինչդեռ արդարադատության արդյունավետությունը գալիս է իր կանխատեսելիությունից, հստակ պետք է լինի, թե որ դեպքերում է հնարավոր կալանքը, որ դեպքերում՝ ոչ, որովհետև միանման դեպքերում մեկին կալանք տալիս են, մյուսին՝ ոչ։ Վճիռների մասին էլ չասեմ, որ չափազանց անտրամաբանական են ու չհիմնավորված։ Սա վատ է ոչ միայն անհատի համար, այլև արդարադատության ու պետության»։
Կարապետյանցը նաև չբացառեց, որ Սուսաննա Սարգսյանի նկատմամբ նման խիստ մոտեցումը կարող է կապված լինել նրա՝ Վարդան Ղուկասյանի թիմից լինելու հետ։
«Չեմ բացառում սա, որովհետև «ռուպրը» Վարդան Ղուկասյանն է, որին ոչ մեկի ձեռքը չի հասնում, որովհետև ինքն հեռու է, իսկ մոտակայքում գտնվել են այլ մարդիկ։ Չեմ պնդում՝ արարքները կատարվե՞լ են, թե՞ ոչ, բայց վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից տարբերակված մոտեցում կա, առավել ևս, երբ տևական ժամանակ փաստաբանները խոսում էին Արտակ Գալստյանի նկատմամբ բռնության ենթարկելու մասին ու բազմաթիվ բողքներ էին ներկայացրել դատախազությանը, որոնք մնացել են անարձագանք»։