Ուղիղ եթեր
Անկլավները հանձնելու դեպքում Հայաստանը Վրաստան և Իրան տանող ճանապարհ չի ունենա
copy image url

Անկլավները հանձնելու դեպքում Հայաստանը Վրաստան և Իրան տանող ճանապարհ չի ունենա

Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:30 24-05-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, որի մեջ ընդգրկվում են ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ այսպես կոչված նախկին անկլավները, որոնք տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը պահանջում է հանձնել իրեն։ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը դժգոհությունների պատճառ դարձավ, քանի որ վերջինս փաստացի ընդունեց, որ պատրաստվում է ոչ միայն Արցախը, այլ նաև վերոհիշյալ գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Միևնույն ժամանակ նախկին անկլավների հանձնումը Ադրբեջանին մի շարք վտանգներ է պարունակում, քանի որ վերջիններս գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, իսկ հանձնելու դեպքում Ադրբեջանն այդ ճանապարհների վրա վերահսկողություն կունենա։ Այլ կերպ ասած՝ մեծ հաշվով Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհներին մենք կունենանք գրեթե նույն պատկերը կամ շատ ավելի վատ պատկեր, որն ունեցանք 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհի հայտնի հատվածների հանձնեց Ադրբեջանի վերահսկողությանը։

Oragir.News-ի հետ զրույցում քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը հայտնեց, որ անկլավների հանձնման պարագայում մի փոքր այլ իրավիճակ կստեղծվի, քան Գորիս-Կապան ճանապարհի դեպքում էր։ Նրա խոսքով՝ Հայաստանը Վրաստանին տանող ճանապարհը կարող է փակվել Իջևանը Նոյեմբերյանին կապող հատվածում, ինչպես նաև ամենակարևորը՝ Երևանը Արարատյան դաշտով, Երասխով Սյունիքի և Իրանի հետ կապող ճանապարհը, քանի որ Տիգրանաշենի անկլավը գտնվում է հենց այդ մայրուղու վրա։ Քարտեզագետը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ այս հարցում կան իրավական խնդիրներ, որոնք դեռ պարզաբանված չեն։ Փորձագետի խոսքով՝ ադրբեջանական երեք անկլավների տարածքն իրար գումարած կազմում է շուրջ 45 քառակուսի կիլոմետր, իսկ մեր միակ անկլավը՝ Արծվաշենը, որը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, մոտավորապես 44 քառակուսի կիլոմետր է, այսինքն՝ գրեթե հավասար են իրար։

Քարտեզագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս երեք անկլավները Ադրբեջանին են փոխանցվել առանց պաշտոնական որոշումների և վավերացումների, Մոսկվայում քարտեզի վրա գծվել են և հանձնվել։ Նրա խոսքով՝ դրանք որևէ մեկի կողմից վավերացված չեն եղել, հետևաբար կարող է իրավական խնդիրներ առաջացնել։ «Ադրբեջանը երկու տարի առաջ հայտարարեց, որ եթե Հայաստանն ասում է՝ անկլավներն իրենն են, ապա պետք է դա ապացուցող փաստաթղթեր ներկայացնի։ Ընդհակառակը, եթե Ադրբեջանը Հայաստանի ներքին տարածքում գտնվող անկլավների նկատմամբ նկրտումներ ունի, ապա հենց ինքը պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ մենք իրեն ենք տվել այդ տարածքները։ Ադրբեջանն այդպիսի փաստաթղթեր չունի, իսկ Արծվաշենի վերաբերյալ որոշ փաստաթղթեր կան, որ դա հայկական անկլավ է Ադրբեջանի տարածքում»,- նկատում է նա։

Հարցին, թե Հայաստանն ունի՞ այլընտրանքային ճանապարհներ, որոնցով վատագույն տարբերակի իրականացման դեպքում, այն է՝ անկլավների հանձնումը, կկարողանա կապվել Վրաստանի և Իրանի հետ, Գալիչյանը նշեց, որ նման ճանապարհներ չկան։ Նրա խոսքով՝ Երասխից սարերով բարձրացող մայրուղու համար այլընտրանքային ճանապարհ չկա, առկա են որոշ գյուղամիջյան ճանապարհներ, որոնք շրջանցում են այդ հատվածը, սակայն մեծ բեռնատարները և ավտոբուսները այդ ճանապարհով չեն կարող անցնել, դրանք պետք է ամբողջովին լայնացնել։ Ինչ վերաբերում է Վրաստան տանող ճանապարհին, ապա փորձագետը նշեց, որ այնտեղ մի հատված կա, որը մտնում է ադրբեջանական հողամասի մեջ, ինչպես Գորիսից Կապան գնացող ճանապարհն էր անցնում։ Քարտեզագետը նշեց, որ այդ հատվածում նոր ճանապարհ պետք է կառուցվի։

Ռուբեն Գալիչյանը միևնույն ժամանակ շեշտում է, որ երբ ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Միությունից անկախացավ, իր սահմանադրության երկրորդ հոդվածում ամրագրել է, որ իրենք 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն են, այսինքն՝ չեն ընդունում Խորհրդային Ադրբեջանը։ Այս համատեքստում Գալիչյանը հիշեցնում է, որ անկլավները ստեղծվել են 1936-1939 թվականներին, և ԽՍՀՄ իշխանությունների կողմից հանձնվել են Խորհրդային Ադրբեջանին։ «Եթե իրենք Ադրբեջանի Հանրապետության հիմնաքարը դրել են 1918 թվականի քարտեզներով, ուրեմն այդ ժամանակ անկլավներ չկային։ Հետևաբար Ադրբեջանը, իր սահմանադրության համաձայն, Հայաստանից անկլավներ պահանջելու իրավասություն չունի։ Միևնույն ժամանակ այդ շրջանում Նախիջևանը նույնպես Հայաստանի հսկողության տակ էր, դա էլ չի կարող պահանջել, սակայն պահանջում խորհրդային ժամանակահատվածում իրեն տրվածը, նախկինն էլ է ուզում։ Ալիևն այնքան է մեծամտացել, որ ասում է՝ ինչ-որ ես ուզում եմ, պետք է տաք ինձ։ Ամենալավ տարբերակն այն կլինի, որ մեր վերահսկողության տակ գտնվող երեք անկլավները մնան մեզ, իսկ Արծվաշենը՝ Ադրբեջանին, դա ամենահեշտ լուծումը կլինի, տարածքի տեսանկյունից դրանք հավսար են։ Այդ մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ»,- նշում է նա։

Հարցին, թե Հայաստանը որևէ ճանապարհ կառուցո՞ւմ է, որը թույլ կտա անկլավները հանձնելուց հետո շրջանցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհները՝ քարտեզագետը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նման տեղեկություն չունի։ Նա նաև հավելեց, որ չի պատկերացնում, թե հնարավոր հանձնման դեպքում, ինչպես կարող է կազմակերպվել կյանքը հայկական և ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող անկալվներում։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
16:00 Ես, որպես նայոմնիկ տղա, ասում եմ՝ Փաշինյանը «նիդաստոյնի ա» Հայաստանին. հարցում՝ Ալավերդիում ​​​​​​​
19:45 Իմպիչմենտը այս պահին այն գործիքն է, որով կարելի է հասնել իշխանափոխության. Կարապետ Պողոսյան
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ