Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:52 22-05-2023
86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու- Ստեփանակերտ ֆորմատով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Իսկ ես ավելի եմ կոնկրետացրել։ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քառ կմ տարածքային ամբողջականությունը»։

«Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը կարող է մոռացության մատնվել ու Ադրբեջանը, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականություն վարի:

«Մենք կարևոր ենք համարում, որ լինեն միջազգային երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու», - հավելեց Նիկոլ Փաշինյանը: