«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան
copy image url

«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան

Ներքին 1 տարի առաջ - 21:23 09-05-2023
Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։

Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը։ Թուրքական կողմն առանց նախապես ծանուցելու չեղարկել է հայկական Flyone Armenia ավիաընկերությանը տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Չավուշօղլուն որոշումը պատճառաբանել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմամբ և այն անվանել «սադրանք»։



Ավելի ուշ՝ Չեխիայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։

1919 թ․ հունվարին Ստամբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված դատավարությունը Երիտթուրքերի կառավարության դեմ։ Աննախադեպ ոճրագործության գլխավոր մեղավորներն ու կազմակերպիչները դատավարությանը ներկա չէին․ բարեհաջող ճողոպրել էին։ Չնայած դրան՝ 1919 թ․ ապրիլի 2-ին գլխավոր դատախազը ներկայացրեց մեղադրանքը։ Դատարանն ապացուցված համարեց բոլոր մեղադրանքները և հեռակա մահվան դատապարտեց երիտթուրք պարագլուխներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, Նազըմին և մյուսներին։ Սակայն դատարանի որոշումը մնաց անկատար․․․

Նույն թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

«Նեմեսիսի» առանցքային գործողությունը 1921 թ․ մարտի 15-ին Բեռլինում հեղափոխությունից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար, կուսակցության նախագահ, Մեծ վեզիր Մեհմեդ Թալեաթ փաշայի սպանությունն էր, որն իրագործվեց Սողոմոն Թեհլերյանի ձեռքով։



Այս գործողությանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև գրող Ավետիք Իսահակյանը։ Դեռևս 1919 թ․ Իսահակյանը Ժնևում հանդիպել էր Դաշնակցության կողմից լիազորված Վահան Զաքարյանին, որը հետագայում Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես եկավ որպես նրա թարգմանիչ։ Այս գործողության մեջ Իսահակյանի ներգրավումը պայմանավորված էր նաև նրանով, որ դեռևս 1911 թ․ Գրիգոր Զոհրապը Իսահակյանին ծանոթացրել էր Թալեաթի հետ, նրանք տարբեր առիթներով մի քանի անգամ հանդիպել էին, և Իսահակյանը նրան կարող էր հրաշալի ճանաչել դեմքով, մանավանդ որ Թալեաթը, որը քաջ գիտեր հայերի վրեժխնդրության մասին, ծպտված էր։

Բեռլինում Թալեաթի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Իսահակյանն ասել է․ «Ես ճանաչեցի նրան մարդասպանի արյունոտ աչքերից»։



Առավոտյան ժամը 10-11-ի միջակայքում Սողոմոնը իրագործում է այս կարևոր օպերացիան։

«Մոտենում էինք իրար։ Նա գալիս էր ճեմելու ձևով՝ ձեռնափայտը անփույթ ճոճելով։ Հավասարվելու պահին Թալեաթը շեշտակի նայեց ինձ․ աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը։ Մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու ուղիղ գլխին պարպելս մեկ եղավ։ Մի զինված բռունցք իջավ գլխուս։ Աչքերս մթնեցին ու վայր ընկնելուց խուսափելով չոքեցի, արյունը ակոսում էր դեմքս, բազմաթիվ ձեռք ու ոտք էին իջնում վրաս։ Անզոր կատաղությամբ գոռացի՝ ինչ եք ուզում, ես հայ եմ, նա՝ թուրք, ձեզ ինչ։ Համակված էի հոգեկան այնպիսի մի ներքին գոհունակությամբ, որի նման չէի ապրել երբևէ»,- դեպքի մասին գրել է Սողոմոն Թեհլերյանը։

Թեհլերյանը բանտարկվում է։ Նրան առաջինը այցելության է գնում հայ մի վարդապետ, որը, տեսնելով Սողոմոնին, բացակաչում է․ «Տերն մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր»։

Այս գործի նախաքննությունը տևում է մոտ 80 օր։ 1921 թ․ հունիսի 2-ին Բեռլինի նահանգային երրորդ դատարանում սկսվում է Թալեաթ փաշային սպանելու համար ամբաստանված ուսանող Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։



Հետաքրքրական է, որ դատարանին նա պատմել է, որ իր երեք քույրերին, եղբորը թուրքերն սպանել են իր աչքի առաջ։ Այնինչ հանուն արդարության պետք է նշել, որ Թեհլերյան քույր չի ունեցել․ նրանք եղել են 4 եղբայրներ, որոնցից միայն կրտսերն է կոտորածների զոհ դարձել։

Թեհլերյանը մտածված խեղաթյուրում է փաստերը՝ այդպիսով չհրաժարվելով իր կատարած սպանությունից, պնդելով իր ճշմարտացիությունը, միաժամանակ խուսափելով այն ներկայացնել որպես կանխամտածված սպանություն։

Թեհլերյանը դատարանին պատմում է, որ սպանության պահին իր առաջ հայտնվել է իր սպանված մոր ուրվականը։

-Ձեր խիղճն ինչո՞ւ է հանգիստ,- հարցնում են դատարանում։
-Մի մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։
-Ինչպես եղավ, որ սպանությունը կատարեցիք։
-Որովհետև մայրս էր ասել։ Մայրս ինձ պատվիրեց սպանել Թալեաթ փաշային, որովհետև նա հանցապարտ է ջարդերի համար։ Եվ այս ամենը այնպես էր մթագնել միտքս, որ չգիտեի, թե չի կարելի սպանել։

Շուրջ մեկ ժամ տևած խորհրդակցությունից հետո երդվյալների գլխավորը ազդարարում է․ «Պատվով և խղճով վկայում եմ երդվյալների որոշումը։ Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 թ․ մարտի 15-ին Թալեաթ փաշային սպանելու համար․ ո՛չ»։


Կարդացեք նաև՝ «Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան

Ամենից շատ դիտված