Այսուհետ Երևանում քանդման և փոսալցման աշխատանքները տեղի են ունենալու նույն օրը. Ավինյանը պահանջ դրեց

Ներքին 1 տարի առաջ - 11:25 08-05-2023
Երևանում փոսալցման աշխատանքների գծով Արաբկիրում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում 80 տոկոս կատարողական, Քանաքեռ-Զեյթունում՝ 70 տոկոս, Ավանում՝ 60 տոկոս, Կենտրոնում՝ 50 տոկոս, Նոր Նորքում՝ 30 տոկոս, Էրեբունիում՝ 15 տոկոս, Շենգավիթում 10 տոկոս, իսկ Նորք Մարաշում, Նուբարաշենում և Դավիթաշենում՝ 0 տոկոս: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ լուրջ խնդիր ունեն մեր փոսալցման շինարարների հետ․ «Լորջ խնդիր ունենք հատկապես երկուսի հետ, որոնք երկուսը միասին տարել են 10 լոտ: Նրանք թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով մի քանի խմբերով աշխատանք իրականացնել: Դրան գումարած՝ իրենք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ և ոչ էլ տարածք, որտեղից ասֆալտ են ներկրում: Մենք սկզբնական շրջանում իրենց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում: Մենք չենք կարող իր գործը մենք իրականացնել: Ինքը տենդերով շահել է:

Մեկի մասով արդեն ունենք երեք նկատողություն, որ արդեն ծնուցում է լինելու պայմանագրի խզման, մյուսի մասով ունենք մեկ նկատողություն: Հերթական նկատողություններից հետո պայմանագրի լուծման ենք գնալու»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Մեր տեխնիկական առաջադրանքում ինչու չի եղել, որ համապատասխան կապալառուները պետք է ունենան էդ գործարանը, որ էդ փոսը, որ փորում են, չգնան 10 օր չգիտեմ ինչ անեն էդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն այդ ասֆալտը վերականգնելու: Այսինքն մենք 10-15 կամ 20 օր այդ փոսերով կգնանք, մինչև ինքն իր հարցերը կլուծի: Պարզ է, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի էս ծավալի աշխատանքով»: Խորեն Գրիգորյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ՝ գնումների մասին օրենքը թույլ չի տալիս հավելյալ պահանջներով ծանրաբեռնել՝ հավասար մրցակցություն ապահովելու համար:

«Ուզում եմ հասկանալ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականություն որոշե՞լ։ Որովհետև մենք ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն ու փոսալցվեն միանգամից նույն օրը։ Միգուցե պետք էլ չի՞ գրել, որ գործարան է պետք։ Պետք է գրել, որ նույն օրը դա պետք է տեղի ունենա։ Հետևապես կմասնակցեն այն ընկերությունները, որոնք այդ հնարավորությունն ունեն, որովհետև այն ընկերությունները, որոնք չունեն այդ հնարավորությունը, կիմանան, որ չեն կարող, տուգանքների ու տուժանքների կենթարկվեն։ Սա պետք է լինի մեր պահանջը», - նշեց Ավինյանը՝ Գնումների վարչության պետից ճշտելով՝ հնարավոր է արդյոք այդպիսի պահանջ դնել։

Գնումների վարչության պետը նշեց, որ նման պահանջ կարող է սահմանվել, ինչպես նաև կարող են աշխատանքները բաժանվել ըստ փուլերի, ինչին ի պատասխան Ավինյանը հավելեց․․

«Այսուհետ մեզ մոտ փոսալցման աշխատանքները տեղի են ունենում քանդում և փոսալցում նույն օրը: Սա է մեր նոր պահանջը բոլոր կապալառուների նկատմամբ։ Ովքեր կկարողանան այս պահանջին բավարարել, թող գան մասնակցեն»։