«Հիշողությանս մեջ կրկնվում են սարսափներն իմ մանկության օրերի․․․ Լուսաբաց է, մթնշաղ, բարբարոսները հրացանի կոթերով ծեծում են մեր տան դուռը, ջարդում ու վայրենի աղաղակներով տուն մտնում։ Հեռավոր այն օրերից իմ ականջին են հասնում լաց, ճիչ, կրակոցներ․․․ Մայրս ինձ գրկած փախչում է փողոցներով։ Դոփում են ձիերի սմբակները, լսվում է խրխինջ, խորովվող ոչխարների ճանճահոտը նստել է սարսափից արթնացող գյուղի վրա։ Ահա այդ սարսափներից հետո խաղաղ մի անկյունում մայրս, իր գրկում օրորելով ինձ, պատմում է, թե ինչպես կոտորել համիդյանները մերոնց»,- վաղ մանկության այսպիսի հիշողություններ է պահպանել կորցրած հարենիքի կարոտից հավերժ կսկծող Հրաչյա Քոչարը։
Այսօր արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Քոչարի հիշատակի օրն է։
Հրաչյա Քոչարը հայտնի խմբապետ Քոչոյի որդին էր, որը կռվում էր Անդրանիկի ջոկատում։ Նրա՝ դաշնակցական Քոչոյի զավակը լինելու փաստը մշտապես հետապնդել է նրան Խորհրդային երկրում անգամ հոր մահից տարիներ անց․․․
Չնայած ստեղծված արհեստական արգելքներին՝ Քոչարը ազդեցիկ դեմք էր Խորհրդային Հայաստանում։ Նա հավասարակշռված էր, նրա խոսքն առինքնող էր, բոլոր ճանաչողներն ակամա տարվում էին նրանով և նրա գաղափարներով։ Այս մասին Սիլվա Կապուտիկյանն իր հուշերում գրում է․ «Քոչարի՝ համարյա բոլոր ղեկավարների հետ ջանով-ղուրբանով սկսված հարաբերությունները վերջանում էին վեճով ու փոխադարձ սառնությամբ։ Այնքան մեծ էր Քոչարի հմայքը, տրամաբանության, դիմացինի վրա ազդելու մոգական ուժը, որ ղեկավարներից շատերը ակամա ենթարկվում էին այդ ուժին, մանավանդ որ Քոչարի պնդումներն արդար էին, ճիշտ և ազգօգուտ։ Իզուր չէ, որ այդ տարիներից սկսած տարածում էր գտել և մինչև վերջ էլ շարունակվեց մի ասացվածք, թե Հայաստանի ղեկավարությունը Քոչարի է պարում, այսինքն՝ Քոչարի թելադրանքով է շարժվում»։

Քոչարը կարծում էր, որ Ստալինի մահից հետո կենտկոմի ղեկավարը չպիտի վախենա համաժողովրդական հարցերից, ուստի և համարձակություն էր պահանջում Խորհրդային Հայաստանի ղեկավարներից։
Այս առումով ուշադրության արժանի է այն փաստը, որ հիմնելով «Ոզնի» երգիծաթերթը՝ նա պահանջ էր դրել, որ իր թերթին անպայմանորեն պետք է թղթակցի հայտնի երգիծաբան Լեռ Կամսարը, որը արգելված անուն էր ողջ ԽՍՀՄ-ում։
Մեծ է Քոչարի ներդրումը նաև Սևանի փրկության գործում։ Հրաչյա Քոչարն այն ջատագովներից էր, որն անմիջապես ահազանգեց՝ Սևանը մեր խորհրդանիշն է, այն չորացնելը կարող է հանգեցնել էկոլոգիական լուրջ խնդիրների։
Երբ Քոչարն իմացել է Իսահակյանի մահվան մասին, ինքնազգացողությունը վատացել է, բռնել է սրտից և ասել, որ մեր հայրենի տան սյունը փլվեց։ Այս դեպքից հետո Քոչարը կենտրոնական կոմիտեից նկատողություն է ստացել, թե ինչպես կարելի է Վարպետին համարել ժողովրդի հոգևոր հայր։ Քոչարն անսահման վրդովված էր․․․
Հրաչյա Քոչարին է պատկանում նաև Սարդարապատի հուշահամալիրի կառուցման գաղափարը։ Մի օր Քոչարը հանդիպում է Դարբինյանին և ասում է, որ փառքը մարդու կողքով մեկ անգամ է անցնում՝ առաջարկելով այդ փառքը ձեռքից բաց չթողնել և հիմնել Սարդարապատի հուշահամալիրը․․․
Վստահ էր՝ 1965 թ․ սգի տարի չպիտի լինի, այն նոր մաքառումների ճանապարհ պիտի բացի։ Եվ իսկապես, Քոչարն անփոխարինելի տեղ ունեցավ ազգային զարթոնքի գործում ինչպես իր գրականությամբ, այնպես էլ հասարակական գործունեությամբ։
Ցավոք, մարդկային թուլությունը խորթ չէ հողեղեն արարածին։ Եվ Քոչարին էլ հաճախ ճնշել են, հատկապես հոր և հորեղբոր դաշնակցական գործունեության համար։ Նրա առաջին պատմվածքը՝ «Խաջեն», հավանել և տպագրել էր Ակսել Բակունցը։ Այս փաստը ևս հետապնդման առիթ է դարձել։ Եվ մարդկային թուլությունը երբեմն հաղթել է․ Քոչարն ստիպված է եղել ուրանալ իր հոգևոր հայրերին․․․