Պատմում է Ավետիք Իսահակյանը․
«Կիրակի է, Քոչարի հետ պիտի գնանք «Մարշե օ պյուս»/«Լվերի շուկան»/, այսպես էր անվանել փարիզեցին իր սիրած հին ու մին իրերի շուկան: Այնտեղ կարող էիր գտնել ինչ կամենայիր… Քայլում, թափառում ենք այս բացօթյա թանգարանում, որտեղ ուղղակի գետնի վրա դրված էին հին թե նոր, անվթար, թե կոտրված զանազան իրեր`կարի մեքենաներ, կահույք, հայելիներ, հին զենքեր, մոմակալներ, արձանիկներ և այլն: Ասում էին, թե մեկն այստեղ գտել է «Ստրադիվարիուս» ջութակ: Բախտ որոնողները շատ էին. նրանց թվում կային և արվեստի հմուտ գիտակներ: Գնեցինք մի քանի իրեր: Քոչարը հանկարծ քարացած կանգ առավ: Նշմարել էր փոշիների տակ թաքնված մի կտավ: Ներքին զգացողությամբ հասկացել էր, որ սա մի արժեքավոր գործ պիտի լիներ: Անտարբեր, զսպելով իր հուզմունքը, վաճառողից հարցրեց նկարի գինը: Շատ բարձր չէր. անմիջապես, առանց սակարկելու վճարեց ու նկարը թևի տակ դրած` արագ հեռացավ: Նստեցինք մետրո և ուղիղ` Քոչարի արվեստանոցը: Այնտեղ Քոչարը մի հատուկ հեղուկի մեջ թաթախված բամբակով սկսեց կտավը մաքրել… Քոչարը հետաքրքրությամբ որոնում էր հեղինակի ստորագրությունը: Մաքրեց նկարի ցածի աջ կողմը, ոչինչ չկար, փորձեց ձախ կողմը և երևաց «C» տառը, մի քիչ հետո ամբողջությամբ «Կուրբե» ազգանունը: Չի կարող պատահել, մի˚թե նշանավոր նկարիչ Գյուստավ Կուրբեի գործը, Փարիզի 1871թ. կոմունայի հերոսի կտավը: Անգնահատելի գործ էր. մեր հավատը չէր գալիս»:
Գյուստավ Կուրբե, «Աղջկա գլխանկար» Կտավում սքանչելի վարպետությամբ վրձնած կանացի գլխանկար էր։ Քոչարն առանց ժամանակ կորցնելու գնում է իր բարեկամ, խոշորագույն քննադատ Վալդեմար Ժորժի տուն՝ ցույց տալու նկարը։ Քննադատը հիացմունք է ապրում, նա Քոչարին ուղարկում է Շառլ Լեժեի մոտ, որը երկու խոշոր հատոր էր գրել Կուրբեի մասին: Լեժեն նկարի վրա թեթև հայացք նետելուց հետո սկսում է զննել այն հակառակ կողմից: Քիչ հետո նա հայտարարում է, որ դա Գյուստավ Կուրբեի գործն է: Նկատելով Քոչարի զարմանքը` Լեժեն բացատրում է. «Կուրբեի նկարների կտավներն առանձնահատուկ են. նկարչի մայրը և քույրը հին սավաններից էին պատրաստում դրանք»: Քոչարի բերած նկարը ճիշտ այդպիսի կտավի վրա էր արված: Հետո Լեժեն, ստուգելով ստորագրությունը, նկարի գրունտը, ֆակտուրան, տալիս է նաև գրավոր մասնագիտական եզրակացություն. «Նկարը Գյուստավ Կուրբեի գործն է, որն, ամենայն հավանականությամբ, պատկերում է Ժորժ Սանդի վեպերից մեկի հերոսուհուն»:
Տարիներ անց Երվանդ Քոչարն այդ կտավը նվիրում է Հայաստանի Ազգային պատկերասրահին: Այն ցուցադրվում է եվրոպական արվեստի սրահում:
Արմինե Մուրադյան