«Սյունեցին ես եմ, ով ապրում ու արարում է Սյունիքում»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի Աշոտավան համայնքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։
«Սյունիքը պարզապես բառերով սիրվող ու նաև հեռադիտակով դիտվող բնակավայր չէ։ Քարի հետևում քար կա, մշուշի հետևում էլ` մշուշ։ Մեր երկրի սահմանները գծվել են արյամբ ու ամրանում են քրտինքով: Սյունեցին մարդու տեսակ է, որը մաքառել է իր հողում, ու ինձ չի թվում, որ կարող է լինել մի սյունեցի, որը կվախենա ապրել իր հողում: Չեմ պատկերացնում էդպիսի բան»,- ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ Սյունիքում արվում է ամեն բան՝ տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
«Սյունեցու առօրյայում մեծ փոփոխություն այս պահին չկա: Մեր ամենաօրյա ապրուստը վաստակում ենք մեր իսկ կատարած աշխատանքով: Իսկ ուժային կառույցներն ապահովում են անվտանգությունը»,- ասաց նա:
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին այս ընթացքում, այդուհանդերձ, սոցիալական որևէ օգնություն չի տրամադրվել:
«Գյուղում ապրող մարդը երբեք էլ սպասելիք չունի, թե իրեն բերեն, ինչ-որ բան տան, որ ինքն ապրի: Մեր սպասելիքն անվտանգային խնդիրներն են, որոնք համապատասխան կառույցները հնարավորության սահմաններում ապահովում են, ինչի համար շնորհակալ ենք»,- ասաց նա: