Կայծակնային ապատեղեկատվության դեմ անզոր ենք
copy image url

Կայծակնային ապատեղեկատվության դեմ անզոր ենք

Ներքին 1 տարի առաջ - 19:33 25-04-2023
«Համացանցն այնպես է, որ ցանկացած, անգամ չճշտված տեղեկություն շատ արագ է տարածվում։ Իսկ այն պարագայում, երբ մարդիկ ինչ-որ սպասելիքներով են ապրում, անմիջապես հավատում ու կայծակնային արագությամբ տարածում են այդպիսի տեղեկությունները»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցում պտտվող տեղեկությանը, թե Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը 250 մլրդ․ դոլարի ապրանքատեղափոխման պայմանագիր են կնքել։

«Գիտելիքի հետ կապված խնդիր, կարծում եմ, այստեղ չկա։ Հիմա մարդկանց մեծամասնությունը քաղաքագետ կամ տնտեսագետ չէ, որ խորապես վերլուծեն՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ։ Դրա համար էլ կամայական բաներ անում են։ Իհարկե, այդպիսի բաներ չպետք է լինեն։ Մարդիկ պետք է վստահելի աղբյուրներին հետևեն, բայց փաստ է, որ այդպես չեն անում»,- ասաց նա։

Սա, ըստ փորձագետի, կարող է հղի լինել վտանգավոր, որոշ դեպքերում էլ անգամ անդառնալի հետևանքներով։

«Այդ հետևանքները կարող են լինել շատ տարբեր։ Դա կախված է նրանից, թե ինչ տիպի նորություն է տարածվում։ Այդ ձևով մարդը կարող է առողջական որևէ խնդրի բուժման տարբերակ տեսնել ու փորձարկել։ Այդ տեղեկությունները կարող են հետևանքներ ունենալ նաև ինչպես անձնական, այնպես էլ պետական մակարդակներում։ Օրինակ՝ Հնդկաստանում դեպքեր եղան, երբ այդպիսի լուրերի տարածման հետևանքով մարդկանց ուղղակի Լինչի դատարանի առջև կանգնեցրին։ Դա կարող է ռազմական գործողությունների վրա ազդել և այլն։ Այսինքն, սա հարց է, որի մասին կարելի է անվերջ խոսել՝ նայած թե հարցն ինչին է վերաբերում։ Այս դեպքում, եթե խոսքը վերբերում է ճանապարհներին, դա պարզապես ավելորդ սպասելիքների ավելացումն է, որը կարող է հետո հակառակ էֆեկտ ունենալ, բայց այս դեպքում մեծ վտանգներ, ըստ երևույթին, չեն լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այսպիսի հրապարակումներին ավելի գիտակցաբար մոտենալու ու տեղեկությունը ճշտելու վերաբերյալ փորձագետի հրապարակումներին, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ իր այդ հրապարակումների արդյունավետությունը պարզել հնարավոր է միայն հստակ ուսումնասիրության արդյունքում։

«Դա պարզելն այնքան էլ հեշտ չէ, դրա համար պետք է լուրջ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնել։ Իսկ Հայաստանում ես չեմ տեսել, որ այդպիսի հարցերով նման լուրջ աշխատանք տարվի։ Դրա համար պարզապես կարող ենք ենթադրել, որ որոշ մարդկանց վրա դա, անշուշտ, ազդում է, մյուսների դեպքում որևէ ազդեցություն չի ունենում»,- ասաց նա։

Ըստ Մարտիրոսյանի՝ ապատեղեկատվության դեմ պայքարում այսօր որևէ գործուն ու լիարժեք արդյունավետ մեխանիզմ առկա չէ որևէ երկրում։

«Թե այս տեղեկությունը որ կողմից է գալիս, չեմ կարող ասել։ Քանի որ սա առանձնապես հետաքրքիր բան չէ, առանձնապես չեմ ուսումնասիրել։ Բայց կողմերը կարող են շատ լինել։ Դրանք կարող են լինել ինչպես քաղաքական՝ ընդդիմադիր ու իշխանական, այնպես էլ ադրբեջանաթուրքական, ռուսաստանյան ու այլ աղբյուրներ։ Կան նաև աղբյուրներ, որոնց ծագումն անգամ դժվար է հասկանալ»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի