Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին պայքարեն ֆեյքերի, մեդիա-տարածքում անբարյացակամների տարածած ապատեղեկատվության դեմ, ինչպես նաեւ փոխադարձ կապեր զարգացնեն այս ոլորտում։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է՝ դիմելով «Ռուսաստան-Թուրքիա. մեդիայի դերը համագործակցության ամրապնդման գործում» կլոր սեղանի մասնակիցներին։
Լավրովի համոզմամբ՝ անհրաժեշտ է համատեղ դիմակայել տարատեսակ ֆեյքերին և սադրիչ ապատեղեկատվությանը.
«Առաջին պլան է դուրս գալիս երկու երկրների ԶԼՄ-ների կոորդինացված գործողություների խնդիրը ընդհանուր տեղեկատվական մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, փոխգործակցության ալգորիթմների մշակումը՝ մեր բարին չցանկացողների տարածած ապատեղեկատվության հետեւանքները միասին հաղթահարելու գործում։ Անհրաժեշտ է համատեղ դիմակայել տարատեսակ ֆեյքերին եւ սադրիչ ապատեղեկատվությանը մեդիա-տարածքում»։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ խոստացել է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանում հավատարմագրված թուրք լրագրողներին՝ հույս հայտնելով, որ թուրքական կողմը նույնպես նման վերաբերմունք կցուցաբերի ռուս լրագրողների հանդեպ։
«Մեր երկրների շուրջ նպաստավոր տեղեկատվական ֆոնին եւ երկկողմ համագործակցությանն աջակցելը ընթացիկ միջազգային պայմաններում շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է նա։