Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը միավորել են իրենց ուժերը՝ փետրվարյան ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Ինչպես փոքխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Ռամադան տոնի կապակցությամբ Թուրքիայի ժողովրդին ուղղված իր շնորհավորական ուղերձում։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայում այս տարի տխրությամբ են դիմավորել Ռամադանի ամիսը, քանի որ վերապրել են փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով բազմաթիվ համաքաղաքացիների մահվան ցավը։ «Եվս մեկ անգամ խաղաղություն եմ մաղթում երկրաշարժերի ու ջրհեղեղների ավելի քան 50 հազար զոհերի հոգիներին, իսկ հարազատներին ու ընկերներին համբերություն եմ մաղթում»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը Ռամադան ամսվա ընթացքում շարունակել է աջակցել երկրաշարժից տուժածներին։ Նրա խոսքով՝ ո՛չ նախընտրական քարոզարշավը, ո՛չ կառավարական իրադարձությունները և առօրյա հոգսերը իրենց չեն ստիպելու մոռանալ աղետի գոտու կարիքների մասին։
«Մենք կրկին ու կրկին այցելում ենք տուժած նահանգներ՝ կիսելով համաքաղաքացիների ցավը, հետաքրքրվելով աղետի գոտու վերականգնման աշխատանքներով, այդ թվում՝ նոր տների հիմքերի վրա։ Կառավարությունը, բոլոր համապատասխան պետական կառույցները, քաղաքապետարանները, հասարակական կազմակերպությունները և կամավորները հնարավորություններ են մոբիլիզացրել՝ տուժածներին օգնելու համար»,- վստահեցրել է նա։
Վերջինս հայտնել է, որ Թուրքիայի ժողովուրդն ու իշխանությունները ցույց են տվել միասնություն և համերաշխություն՝ ուս ուսի տված կանգնելով լայնածավալ ողբերգության առաջ։ Նա հայտնել է, որ փետրվարյան երկրաշարժերի պատճառած ավերածությունների մեծ մասն արդեն վերացվել է։ Նրա խոսքով՝ արդեն մեկնարկել է ավելի քան 100 հազար միավոր քաղաքային և գյուղական տների կառուցման գործընթացը, և դրանցից 50 հազարի հիմքն արդեն դրված է։
Թուրքիայի առաջնորդը նաև շեշտել է, որ բնական աղետի հետեւանքների վերացման հետ մեկտեղ երկրաշարժի գոտում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքացիները, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, կորցրել են իրենց տները և իրենց սովորական կենսակերպը, հստակ տեսնում են, թե ինչպես են վերականգնվում ենթակառուցվածքները, ինչը նրանց վստահություն է տալիս։
Նա հավելել է, որ Ռամազանի տոնից հետո աղետի գոտում գտնվող շրջանների ուսումնական հաստատությունները կվերաբացվեն, կարագացվի նաև քաղաքացիների վերադարձի գործընթացը։ «Աղետի գոտում ընդհանուր առմամբ կկառուցվի ավելի քան 650 հազար բնակարան, որից 507 հազարը քաղաքներում, 143 հազարը՝ գյուղերում։ Դրանցից 319.000-ը կկառուցվի և շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում»,- եզրափակել է նա։
Էրդողանը նաև իր երախտագիտությունն է հայտնել բոլոր քաղաքացիներին, ովքեր աջակցել են «Թուրքիայի հարյուրամյակ» նախաձեռնությանը։