Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց, որ ներկայացնելու է կառավարության 2021-2026 ծրագրի բյուջեի կատարողականը։ Փաշինյանը ասաց նաև, որ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը։ Փաշինյանը հավելեց նաև, որ մարդիկ հավատում են կառավարության «ապագա կա» կարգախոսին։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նախ Փաշինյանը պետք է հստակեցնի, թե միջին խավ ասելով ում մասին է խոսում։
«Միջին խավի տակ ում է հասկանում, դպրոցական ուսուցիչներին, բուհի դասախոսներին, միջին և փոքր ձեռնարկություններում աշխատողներին, թե մենք միջին խավի տակ հասկանում ենք Այդի, հասկանում ենք միջազգային կազմակերպություններում աշխատողներին և այլն»,- ասաց Միքայելյանը։
Միքայելյանի խոսքով՝ եվրոպական ստանդարտներով միջին դասը համընկնում է մեր մոտ ունևոր դասի հետ։ «Եթե արևմտյան, շվեցարական, ամերիկյան, գերմանական ստանդարտներով միջին խավի մասին է խոսվում, ապա այստեղ խոսք է գնում այն մասին, որ դա Հայաստանի մասշտաբով ունևոր դաս է, ոչ թե միջին դաս է։ Մենք կարող ենք ասել, որ իրենք հարուստ չեն, բայց ունևոր դաս են ներկայացնում Հայաստանի մասշտաբով՝ գների մասշտաբը հաշվի առնելով»,- ասաց Միքայելյանը։
Ըստ Միքայելյանի՝ անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև եկամտահարկի վերադարձի մասին օրենքը։
«Կարող ենք հավելել նաև այն, որ 2015 թվականին կար եկամտահարկի վերադարձի օրենք, որը իմ կարծիքով հավասարություն չի խթանում, այլ հակառակը, խթանել է անշարժ գույքի շուկայի զարգացումը»։
Միքայելյանը ասաց, որ մարդիկ պետք է բավականին բարձր եկամուտ ունենան, որ կարողանան բնակարան ձեռք բերել, բայց ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը։
Հարցրինք Միքայելյանին՝ իսկ մեր բնակչության քանի տոկոսն է կարողանում բնակարան ձեռք բերել՝ պատասխանեց։
«Եկամուտների բաշխման ընդհանուր վիճակագրությունից ելնելով՝ կարող եմ դատել, որ մինչև 10 տոկոսի մաին կարող ենք խոսել»,- ասաց Միքայելյանը։
Դիտարկմանը, որ վարչապետն ասում է, որ մարդիկ Հայաստանում ցանկանում են տուն ձեռք բերել, քանի որ հավատում են կառավարության «ապագա կա» կարգախոսին՝ Միքայելյանն ասաց.
«Դա ընդհանրապես հիմարություն է, եթե մենք տեսնում ենք ազգային անվտանգության հարցերում զարգացումները, եթե մենք տեսնում ենք Արցախի հարցում զարգացումները, ի՞նչ ապագայի մասին է խոսքը, դա բոլորի համար ակնհայտ է, ուղղակի անշարժ գույքի շուկան զարգանում է այն պատճառով, որ կա գնաճ, կա որոշակի ցածր բազայի էֆեկտ և կան որոշակի կուտակված գումարներ, որոնք գոյացել են արտասահմանից, և մարդիկ ուզում են իրենց գումարները երաշխավորել կորուստներից։ Դրա համար դնում ենք անշարժ գույքի շուկայի մեջ, դա համաշխարհային միտում է և արտահայտվում է նաև Հայաստանում»,- ասաց Միքայելյանը։