Արտատարածաշրջանային ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. Էբրահիմ Ռայիսի
copy image url

Արտատարածաշրջանային ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. Էբրահիմ Ռայիսի

Արտաքին 2 տարի առաջ - 16:30 18-04-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հորդորել է արտատարածաշրջանային, մասնավորապես ԱՄՆ-ի ուժերին հնարավորինս արագ հեռանալ տարածաշրջանից։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Ռայիսին ասել է Իրանի բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում իր ունեցած ելույթում։

«Իրանի բանակի և զինված ուժերի ուղերձը ոչ տարածաշրջանային, հատկապես ամերիկյան ուժերին. լքեք տարածաշրջանը որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։

Ռայիսին տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը անվտանգության գործոն է անվանել, իսկ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը՝ անվտանգության սպառնալիք։ Նրա խոսքով՝ Իրանն այսօր ունի հագեցած և ժամանակակից բանակ։ «Իրանական բանակն ունի առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք երկրում արտադրվում են տեղի փորձագետների գիտության շնորհիվ»,- նշել է նա։

Իրանի նախագահը հայտնել է՝ Իսլամական Հանրապետության հզորությունը և նրա ռազմական հզորությունը օգուտներ են բերում տարածաշրջանին։ Նա շեշտել է, որ Իրանի բանակը համարվում է ամուր պատնեշ՝ հակահեղափոխական տարրերի և թաքֆիրական խմբավորումների դեմ։

«Բանակի օրվա ուղերձը խաղաղության և բարեկամության ուղերձ է տարածաշրջանի երկրներին, և մենք ամուր սեղմում ենք բոլոր նրանց ձեռքերը, ովքեր ցանկանում են անվտանգ պահել տարածաշրջանը»,- ասել է Ռայիսին։

Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կհանգեցնի Իսրայելի կործանմանը։ Նա նշել է, որ Իրանի թշնամիներին, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին-խմբ) ուղերձ է փոխանցվել այն մասին, որ Իրանի դեմ ամենափոքր գործողությունը կհանգեցնի զինվորականների կատաղի պատասխանին և Հայֆայի ու Թել Ավիվի ավերմանը։

Նշենք, որ 1979 թվականից սկսած Իրանում ամեն տարի ապրիլի 18-ին նշվում է Իրանի բանակի և ցամաքային զորքերի ազգային օրը։ Բանակի օրը Թեհրանում անցկացվում է զորահանդես, որի նպատակն է ցուցադրել իրանական բանակի ձեռքբերումներն ու ռազմական հզորությունը։

Ձեզ գուցե հետաքրքրի