«Ադրբեջանի դրոշն այրելով՝ Արամ Նիկոլյանը, այսպես ասած, կատարեց հայ ժողովրդի ցանկությունը: Այսինքն, եթե այսօր որևէ մեկը դրոշ է այրում կամ որևէ այլ ձևով իր բողոք է ներկայացնում, դա առաջին հերթին ուղղված է Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած թուրքասեր թիմին»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Այսինքն, սա ոչ թե դրոշից վրեժ լուծելը կամ դրոշով ինչ-որ բան հասկացնելն է, այլ մարդիկ ուղղակի արդեն շատ են հոգնել ու մեծ ատելությամբ են լցված թշնամիների նկատմամբ։ Իրենք մեզ հակառակորդ չեն, ինչպես որ ներկայացնում են։ Հակառակորդն անհամեմատ ավելի նուրբ բնութագիր է։ Իրենք թշնամիներ են, որոնց հասցրած մարդկային կյանքերի ցավալի կորուստները, վնասներն ու դրանց հետևանքները մենք արդեն ավելի քան 2 տարի է՝ մեր մաշկի վրա ենք զգում։ Հետևաբար, ես վստահ եմ, որ Արամն էլ դա արեց և՛ իր անունից, և՛ բոլոր այն հայ մարդկանց անունից, որոնք բավականին վշտացած են, բավականին զայրացած են, նաև ինչ-որ տեղ ատելությամբ են լցված թե՛ թշնամիների, թե՛ այսօրվա կառավարության նկատմամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող տեսակետին, որ Արամ Նիկոլյանն իր արարքը կարող էր համաձայնեցրած լինել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով, որ ինքն է եղել դրոշների դիզայները, Կարապետ Պողոսյանն ասաց, որ այդպիսի խոսակցություններն իրականությանը մոտ չի համարում։
«Ես այս խոսակցություններին ու տարածված տեղեկություներին այնքան էլ չեմ հավատում։ Այո՛, Արամը կարեց և այրեց։ Եթե այդ դրոշներն ինքը չկարեր, ապա դա անելու էր մեկ այլ մարդ ու այդ ակցիան չէր կայանալու։ Մենք չենք կարող ասել, որ եթե Արամը չկարեր, օրինակ՝ Պողոսը կարեր, նա այնքան քաջություն կունենար միջազգային այդպիսի կարևոր մրցաշարի ժամանակ արտահայտել մեր բոլորի դիրքորոշումը։ Հետևաբար, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շնորհակալություն եմ հայտնում Արամին՝ նման խիզախ քայլ կատարելու համար»,- ասաց նա։
Oragir.News-ի զրուցակիցը, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնում, որ մեր ապագա հաղթանակների ճանապարհին դա շատ փոքր բան է, բայց իր խոսքով, արժեր, որ դա տեղի ունենար։
«Այդ նույն տեսակետը ես ունեմ օրերս ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողին ծեծելու հարցում։ Այստեղ մենք գործ ունենք իսկապես հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների մեջ կուտակված զայրույթի և ատելության հետ, որն իսկապես ուղղված է ՀՀ գործող իշխանության դեմ։ Երբ խփում էին այդ ադրբեջանցուն, համենայն դեպս, այդ հարվածերն առաջին հերթին ուղղում էին հենց Նիկոլ Փաշինյանին։ Ինքս, լինեով իրավապշտպան, ինքս լինելով մարդ, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է մարդկանց իրավունքներ պաշտպանելով, նույնիսկ ես էի խանդավառված։ Բայց ես ոչ թե խանդավառված էի, որ ադրբեջանցի էին ծեծում, այլ նրա համար, որ մեր տղաների վրեժի ինչ-որ մի փոքր մասն են հետ բերում։ Մենք, անկախ մեր մասնագիտությունից, առաջին հերթին հայ ենք։ Հայ, որը տեսել է պատերազմներ, հայ, որն ամեն վայրկյան տեսնում է հողի զավթում, հայ, որը տեսնում է, որ իր իշխանությունը ծառայում է թուրքին և չի կարող ուղղակի անտարբեր նստել և նայել, թե ոնց են իրեն մանրադրամի պես «խուրդում»։ Մեզ այսօր դրել ու «խուրդում» են ամբողջ աշխարհի առաջ։ Ցավոք սրտի, դա առաջին հերթին անում է մեր երկրի կառավարության աթոռին նստած անձը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, թե այդպիսի արարքները հետագայում ավելի մեծ վնաս են հասցնելու մեզ ու մեր երկրին, մեր զրուցակիցը բացառեց այդ տարբերակը։
«Նմանատիպ զրույցներն ընդամենը հանրությանը հանգստացնելու ու նաև իշխանությունների վախը որոշակիորեն չեզոքացնելու համար են։ Այսինքն, նմանատիպ գործողությունները բացարձակապես չեն կարող մեզ որևէ վնաս հասցնել։ Մեր ինչի՞ն պիտի վնասեն, մեր պետականությա՞նը։ Մենք վաղուց այլևս պետականություն չունենք։ Կարող է վնասել մեր միջազգային վարկի՞ն։ Ի՞նչ միջազգային վարկ, երբ դու կապիտուլացված պետություն ես, երբ քո պետության մեջ քաղբանտարկյալներին սպանում են, վառ օրինակ՝ Արմեն Գրիգորյանը։ Երբ քո պետության մեջ քո զինվորների մայրերի նկատմամբ հենց եռաբլուր պանթեոնում անարգանքի դրսևորումներ են նկատում։ Ի՞նչ միջազգային վարկի մասին ենք խոսում, երբ քո երկրի Սահմանադրությամբ թիվ 1 անձը, կներեք, թքում է քաղաքացու դեմքին։ Այս դեպքում ի՞նչ միջազգային վարկ»,- ասաց նա։
Այս դեպքում, Կարապետ Պողոսյանի խոսքով, Հայաստանում շատ բան չի մնացել կորցնելու։
«Ամենաթանկը՝ մեր երեխաների կյանքը, մեր զինվորների կյանքն ու մեր ազատագրված հայրենիքի ճնշող մասը, մենք, ցավոք սրտի, արդեն կորցրել ենք։ Երբ նորից կկարողանանք այդ ամեն ինչը հետ բերել, նաև կկարողանանք բարձրացնել մեր անունն ու մեր արժանապատվությունը, այդ ժամանակ մենք միանշանակ պետք է շատ զգուշորեն մոտենանք մեր հեղինակությանը։ Բայց ցավոք սրտի, մենք մեր հեղինակությունն ամբողջովին արդեն իսկ ոտնատակ ենք տվել։ Ունեցածը վերականգնելու համար շատ գործ կա անելու, չպետք է դադարենք պայքարել»,- ասաց նա։