Ինչպես Լյոսան բռունցքով հարվածեց Մարկեսին, կամ 10 փաստ Մարկեսի մասին
copy image url

Ինչպես Լյոսան բռունցքով հարվածեց Մարկեսին, կամ 10 փաստ Մարկեսի մասին

Մշակույթ 2 տարի առաջ - 16:59 17-04-2023
Ամերիկացի գրող Ուիլյամ Քենեդին ասել է՝ «Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» (1967) Ծննդոց գրքից ի վեր առաջին գրական ստեղծագործությունն է, որ պետք է կարդա ողջ մարդկությունը», և Նոբելյան մրցանակի հանձնաժողովը կարծես թե համաձայն էր դրա հետ, երբ կոլումբիացի գրողին շնորհեց Նոբելյան մրցանակ, մասնավորապես, հենց «Հարյուր տարվա մենություն» վեպի համար:

Կառլոս Ֆուենտեսը Մարկեսին անվանել է «Սերվանտեսից ի վեր իսպանալեզու ամենահայտնի և գուցե լավագույն գրողը»:

Ահա մի քանի հետաքրքիր փաստ Գաբրիել Գարսիա Մարկեսի մասին.

1․ Նա եղել է անցյալ դարի ամենահայտնի գրական վեճի կիզակետում

Հարավամերիկացի Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան ֆիլմի պրեմիերայի ժամանակ բռունցքով հարվածեց Մարկեսի աչքին։ Մինչ օրս քիչ բան է հայտնի այս միջադեպի հանգամանքների մասին, բացառությամբ նրան, որ Մարկեսը նկատել է Լյոսային ամբոխի մեջ և ուրախ բացականչել է «Մարիո՜»: Դա առաջացրել է պերուացի վիպասանի զայրույթը: Լյոսան ինչ-որ բան է փնթփնթացել իր կնոջ՝ Պատրիսիային և բռունցքով հարվածել մեծագույն գրողներից մեկի դեմքին:





2. Նրա հարաբերություններն իր մոր հետ մի քիչ տարօրինակ էին

Շատ է խոսվել տատիկի և պապիկի հետ Մարկեսի հարաբերությունների մասին, ովքեր պատմել են ռեալիզմի և մոգական ռեալիզմի տարրերի յուրահատուկ համադրության մասին, որոնք էլ հետագայում ոգեշնչել են Մարկեսին ստեղծել Մակոնդոն (նրա հորինած գեղարվեստական ​​միջավայրը)։ Սակայն շատ քիչ է խոսվում Մարկեսի և մոր հարաբերությունների մասին։ Միգուցե այն պատճառով է, որ Մարկեսի պնդմամբ մինչև յոթ տարեկան հասակը նույնիսկ իրականում չի հանդիպել մորը, իսկ դրանից հետո էլ մայրը չի եղել իրեն աջակցող ծնող: Երբ Մարկեսը Նոբելյան մրցանակ ստացավ, մայրը հայտարարեց, որ որպես ծնող ավելի հպարտ է «միանձնուհի դուստր ունենալու համար»։

3. Նրա կինը դեռ 9 տարեկան էր, երբ Մարկեսը որոշեց, որ ամուսնանալու է հետը

Սա նույն տարիքն է, երբ Դանթեն սիրահարվեց Բեատրիչեին (ինքը՝ Մարկեսն այդ ժամանակ մոտ 14 տարեկան էր): Այնուամենայնիվ, ի տարբերություն Դանթեի հայտնի անպատասխան սիրո, Մարկեսն ի վերջո ամուսնանում է իր ընտրած էակի հետ, թեև (բարեբախտաբար) մինչև 26 տարեկանը:



4. Նա սկսել է գրել Կաֆկայի «Կերպարանափոխությունը» նովելի (1915) սխալ թարգմանությունից ոգեշնչված:

Մարկեսը պնդում էր, որ իր գրական կարիերայի առաջին տարիներին մեծապես ազդված է եղել Էռնեստ Հեմինգուեյի ու Ուիլյամ Ֆոլքների գրականությամբ, բայց ըստ նրա՝ Կաֆկայի գործերի հետ ծանոթությունն էր, որ ցույց տվեց նրան գրականության հսկայական, անարխիկ հնարավորությունները: Հետաքրքիր է, սակայն, որ թեև Մարկեսն հավատում էր, որ քիչ թե շատ կարդացել է Կաֆկայի խոսքերն ու գաղափարները, նա իրականում կարդացել է Խորխե Լուիս Բորխեսի՝ Կաֆկայի տեքստի «բարելավված» թարգմանությունը, որը պարունակում է բորխեսյան ոճին հատուկ մի շարք կանխամտածված փոփոխություններ բնօրինակից։

5. Մի անգամ նա Greyhound-ով շրջագայել է Ամերիկայի հարավ

Նույնիսկ թիկունքում ունենալով կեղծ Կաֆկայի հանդեպ սեր՝ Մարկեսը խոր հիացմունք էր տածում Ֆոլքների հանդեպ։ Այնքան շատ էր սիրում, որ մի անգամ ընտանիքի հետ Greyhound ավտոբուսով ճանապարհորդեց դեպի Ամերկայի հարավ՝ ավելի լավ հասկանալու այն բնապատկերը, որը ոգեշնչել էր Ֆոլքներին հորինել իր գեղարվեստական Յոկնափաթաուֆա կոմսությունը:

6. Նա տարված էր քաղաքականությամբ և անդավաճան սոցիալիստ էր:

Հավանաբար իր պապի («գնդապետի») ազդեցությունից ելնելով՝ Մարկեսն ուներ խիստ ձախական, հակաիմպերիալիստական կողմնորոշում, որն ակնհայտ երևում է նրա քաղաքական գրվածքներում։ Նա բացահայտորեն դեմ էր լատինաամերիկյան մի շարք բռնապետություններին և նույնիսկ ներկա էր Կարակասում 1958-ի պետական ​​հեղաշրջմանը, երբ տապալվեց Վենեսուելայի բռնապետ Մարկոս ​​Պերես Խիմենեսը:

7. Արդյունքում նրան ԱՄՆ-ում պիտակավորեցին իբրև դիվերսանտ

Մարկեսի քաղաքական հայացքները, հատկապես ամերիկյան իմպերիալիզմի դեմ ուղղված քննադատությունը, առաջացրեց Միացյալ Նահանգների կառավարության զայրույթը: Նրան սիստեմատիկորեն մերժում էին վիզա տրամադրել մինչև Բիլ Քլինթոնի իշխանության գալը, որ վերացրեց այս արգելքը, ըստ երևույթին, նաև այն պատճառով, որ «Հարյուր տարվա մենությունը» նրա սիրելի գրքերից էր:

8. Երկար տարիներ նա ընկերություն է արել Ֆիդել Կաստրոյի հետ։

Ֆիդել Կաստրոյի հետ նրա ընկերությունը (որ սկսվել էր Մարկեսին համաշխարհային հռչակ բերած «Հարյուր տարվա մենությունից» հետո) ոչ մի լավ բան չտվեց Մարկեսի և ԱՄՆ Պետքարտուղարության միջև եղած առանց այն էլ լարված հարաբերություններին, սակայն երկուսն էլ տարիներ շարունակ ունեցել են «ընդգծված» շփում և՛ գրական, և՛ քաղաքական հարցերում:



9. Մարկեսի անվան տակ է հրապարակվել մի անհայտ մեքսիկացի որովայնախոսի պատմվածքը

Այս կետը պահանջում է որոշակի լուսաբանում։ 2000-ին Մարկեսը պայքարում էր քաղցկեղի դեմ, և թեև հիվանդությունը նահանջում էր, պերուական «La Republica» օրաթերթը հրապարակեց մի հոդված նրա վատառողջ լինելու մասին, որն ուղեկցվում էր, ըստ նրանց, հեղինակի կողմից գրված հրաժեշտի խոսքով: Այս պատմությունը վերցվեց մի շարք այլ թերթերի կողմից, էլ չասենք կայքերի և ռադիոկայանների մասին, և սկսվեց հասարակական վշտի տարափ, բայց այս ամենի մեջ երկու խնդիր կար՝ նախ Մարկեսի առողջական վիճակը իրականում բարելավվում էր (նա ապրել է մինչև 2014-ը), իսկ նրա ենթադրյալ հրաժեշտի խոսքն իրականում մեքսիկացի որովայնախոս Ջոնի Ուելչի ստեղծագործությունն էր, որ այս խոսքերը գրել է իր խամաճիկի՝ Մոֆլեսի համար։

10. Նա երբեք ոչ մեկին թույլ չտվեց էկրանավորել «Հարյուր տարվա մենությունը»

Որովհետև, նրա խոսքերով, «իրենք ընտրել են Ռոբերտ Ռեդֆորդի պես մեկին, իսկ մեզանից շատերը չունեն հարազատներ, որ նման է Ռոբերտ Ռեդֆորդին»։



Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված