Համո Սահյանի կյանքի ուղին արտասովոր շրջադարձեր չունի։ Ծնվել է գյուղական բազմանդամ ընտանիքում, ստացել ուսում, անցել աշխատանքի և այդ ընթացքում կատարել է ստեղծագործական առաջին քայլերը, հետո բանակ, պատերազմ։
Հրանտ Մաթևոսյանն իր «Համո Ոսկեբերան Սահյանը» հոդվածի դիտարկումներում շատ դիպուկ է նկարագրում Սահյանի կյանքը․ «Համո Սահյանը ճիշտ մարդ էր․ իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը, որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ։ Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալի չբերեց»։

Համո Սահյան բանաստեղծի ձևավորման և կայացման մեջ նշանակալի դեր ունեցավ հայրենական պատերազմը։ Սահյանն ինքն էլ «Գրական թերթին» տված հարցազրույցներից մեկում ասել է․ «Ռազմաճակատում ես առնականացա որպես մարդ և, բնական է, առնականացա նաև որպես բանաստեղծ»։ Սա նաև նկատել էր արձակագիր Ստեփան Զորյանը։ Զորյանը առաջիններից էր, որ գնահատեց Սահյանի բանաստեղծական տաղանդն ու պոտենցիալը և 1946-ին խմբագրեց Սահյանի անդրանիկ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Որոտանի եզերքին»։ Ժողովածուն արտացոլում էր բանաստեղծ-զինվորի ապրումները, հույզերը, կարոտը։ Ու թեև ժամանակի հեռավորությունից այս բանաստեղծությունները գնահատելիս, դրանք չի կարելի համարել Սահյանի լավագույն ստեղծագործությունները, սակայն դրանք հիմք հանդիսացան հետագայում գրվելիք ավելի կատարյալ ու հասուն բանաստեղծությունների համար։
Սահյանն իր հասուն տարիքն անցկացրել է քաղաքում, սակայն բանաստեղծություններում միշտ հավատարիմ է հայրենի եզերքին՝ Սյունյաց աշխարհին։ Երբ բանաստեղծի վաթսունամյակի կապակցությամբ հարազատ Լոր գյուղի դպրոցում մեծարման երեկո էին կազմակերպել։ «Այսօր ես 60 տարեկան եմ․․․ 160 էլ դառնամ էլի երեխա եմ մնալու, քանի այս գյուղը կա, ասաց Սահյանն իր ողջույնի խոսքում և վերջում եզրափակեց,- Եթե ձեր սպասածի պես խոսել չեմ կարողանում, պատճառը ձեր առջև ինձ երեխա զգալս է․․․»։
Սահյանին երբեմն հանդիմանել են իր հաստատուն, անփոփոխ ոճի համար, իսկ նա ասել է․ «Ինչո՞ւ պիտի բանաստեղծը փոխվի։ Փոխվում են միայն կոնյունկտուրիստները։ Փոխվել նշանակում է դավաճանել ինքն իրեն․․․»։ Նա գրում էր այն, ինչ զգում էր և ինչի հետ անսահմանորեն կապված էր։ Նրա՝ տարբեր տարիների ստեղծագործական գունապնակները շարունակում էին լրացնել իրար և ներկայացնել բանաստեղծի հոգու կտավը։

Նրա պոեզիան ամենահասարակ և ամենաշիտակ բառերով նկարագրում է ամենագեղեցիկը։ Շատ դիպուկ է, որ նրա պոեզիան հաճախ անվանել են «սովորական բառերի պոեզիա». ո՞վ կարող է նրանից զատ, այդքան հասարակ բառերով գրել այդչափ պերճաշուք բանաստեղծություններ։ Նրան նաև հաճախ բնութագրում էին որպես բնության երգիչ, իսկ նա հակառակվում էր ասելով, որ մարդկանց ավելի լավ է ճանաչում։ Բայց նաև քաջ գիտակցում էր, որ մարդն ինքնամաքրվելու համար բնության կարիքն ունի։
Համո Սահյանի հետմահու հրատարակված «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն ըստ էության նրա հրաժեշտի խոսքն էր աշխարհին։ Սակայն Սահյանի նման բանաստեղծը երբեք չի կարող բացակա լինել իր երկրի ու ժողովրդի սպասելիքներում և իրավացի է գրականագետ Ազատ Եղիազարյանը, երբ գրում է․ «Համո Սահյանն այն քչերից է, որոնց հաջողվում է ստեղծել իրենց աշխարհն ու իրեն հերոսին։
Եվ նրա՝ աշխարհից դառնացած, բնության մեջ մխիթարանք ու մաքրություն փնտրող հերոսը, որը նաև շատ սիրում է մարդկանց, կմնա մեր հոգևոր նվաճումների շարքում, կհարստացնի մեզ․․․»։
Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է։
Արմինե Մուրադյան