Ադրբեջանը Հայաստանի տարածք ներխուժած զինվորականների հարցով դիմել է միջազգային կառույցներին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ շարունակվում են Ադրբեջանի բանակի զինծառայողներ Բաբիրով Ագշին Գաբիլ օղլուի (ծնված 2004 թ.) և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի (ծնված 2003 թ.) որոնողական աշխատանքները։ «Քանի որ կա հավանականություն, որ զինծառայողները պահվում են Հայաստանի տարածքում, նրանց ազատ արձակման կապակցությամբ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ուղղությամբ երկու զինծառայողներ անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեանելիության պատճառով ճանապարհը կորցրել և մոլորվել են։ Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանցի մեկ զինծառայողի ձերբակալության մասին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ մյուս զինծառայողը նույնպես
ձերբակալվել է։