Ալեն Սիմոնյանը, թքելով քաղաքացու դեմքին, չի թքել փայտիկին. խոսնակը բացառում է հրաժարականը
copy image url

Ալեն Սիմոնյանը, թքելով քաղաքացու դեմքին, չի թքել փայտիկին. խոսնակը բացառում է հրաժարականը

Ներքին 2 տարի առաջ - 22:00 03-04-2023
Նախօրեին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ալեն Սիմոնյանը չի հարցաքննվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով ԱԺ նախագահին, նրա ուղղությամբ բացականչել է՝ դավաճան:

Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո Սիմոնյանը մոտեցել է Մկրտչյանին, պատասխան հայհոյանք հնչեցրել նրա հասցեին եւ թքել է քաղաքացու աչքին։

Ավելի ուշ Սիմոնյանը գրառմամբ անդրադարձել էր միջադեպին՝ նշելով, թե «․․․«ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու, ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք հաշվի առնելով գրառման մեջ հնչեցրած սպառնալիքը՝ փորձելու էր որևէ կերպ գործողությունների դիմել։

Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չէ։ Տեղյակ չէր նաև, թե արդյոք միջադեպը քննարկվել է խմբակցությունում․ «Չեմ կարծում, որ քննարկված լինի»։

Միջադեպից հետո համացանցում տեսակետ էր հնչել նաև, որ Սիմոնյանի վարքագիծը հարիր չէ պետական պաշտոն զբաղեցնող անձին, ուստի նա պետք է լքի պաշտոնը։

Հարցրինք, թե հնարավոր է արդյոք, որ նա ինքնակամ դիմում գրի, պատասխանեց․ «Հրաժարակա՞ն, ո՛չ, չենք տեսնում նման հնարավորություն»։