Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը շարունակվում է. Աբդոլլահիան
copy image url

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը շարունակվում է. Աբդոլլահիան

Արտաքին 2 տարի առաջ - 23:30 31-03-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանի կառավարությունը լուրջ աշխատանք սկսեց` համաձայնության հասնելու և բոլոր երկրների կողմից գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրով ստանձնած իրենց պարտավորություններին վերադառնալու նպատակով։ Նրա խոսքով` շաբաթներ ու ամիսներ շարունակ Վիեննայում 4+1 խմբի հետ ուղղակի և ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ անուղղակի ուղերձներ են փոխանակվել։

Իրանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրում նախորդ աշնանը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, սխալներ թույլ տվեցին իրենց միջամտություններով։ Նա հայտնել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնն ուղերձներ են փոխանակում` պատժամիջոցները չեղարկելու նպատակով։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման լավագույն տարբերակը բանակցություններն են` Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցությունները շարունակվում են տեխնիկական մակարդակով։