Առաջադրում են՝ դժգոհ ենք․ չեն առաջադրում՝ դժգոհ ենք․ իրար «ուտող» ընդդիմադիրները՝ մեծ պարգև իշխանության համար
copy image url

Առաջադրում են՝ դժգոհ ենք․ չեն առաջադրում՝ դժգոհ ենք․ իրար «ուտող» ընդդիմադիրները՝ մեծ պարգև իշխանության համար

Ներքին 2 տարի առաջ - 09:46 30-03-2023
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Էդգար Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրելու «հողի» վրա քաղաքական, հասարակական շրջանակներում աղմուկ-աղաղակ է առաջացել։

Ընդ որում՝ քննադատողները հիմնական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են, և այնպես անողոք են քննադատում Ղազարյանին, որ իշխանությանը մնում է «պոպկոռնով» վայելել ընդդիմադիրների գզվռտոցը։

Այս քննադատությունների տեղին-անտեղին, հիմնավոր-անհիմն լինելու հանգամանքը դեռ մի կողմ, շատ ավելի մտահոգիչ է այն, որ մենք առաջնային խնդիրը թողած՝ ընկել ենք դետալների ետևից։

Նախ՝ պետք է արձանագրել, որ մենք դարձել ենք չմահավան, հիմա ի՞նչ մահացու մեղքեր է գործել Էդգար Ղազարյանը, որ անողոք քննադատում ենք նրա թեկնածությունը։

Երկրորդ՝ մի՞թե Ղազարյանը ՄԻՊ պաշտոնում ավելի վատ կաշխատի, քան Քրիստինե Գրիգորյանը կամ իշխանության կողմից ընտրված ցանկացած թեկնածու։

Երրորդ՝ ինչո՞ւ ենք «ոչնչացնում» մարդուն, մասնագետին, մի պայքարող տեսակի՝ մեզ համար ընդունելի կամ անընդունելի, երբ հստակ գիտենք, որ միևնույն է, նա չի ընտրվի։ Ավելին՝ ում էլ առաջադրի ընդդիմությունը՝ չի ընտրվի։

Չորրորդ՝ այսքանն իմանալով հանդերձ՝ մենք պահանջում ենք, որ ընդդիմությունը թեկնածու առաջադրի, շատ լավ հասկանալով, որ գրեթե ոչ մի պրոֆեսիոնալ չի համաձայնի գալ և այս խորհրդարանի կողմից մերժվել։

Ստացվում է, որ մենք քննադատում ենք ընդդիմության թեկնածու չառաջադրելու, խորհրդարանական լծակներից չօգտվելու գործելակերպը, բայց երբ առաջադրում են միակ համաձայնած թեկնածուին, նորից շարունակում ենք քննադատել։

Հարց է առաջանում՝ արդյոք մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, թե ոչ, և արդյոք իշխանությանը ձեռնտու չէ ընդդիմադիր դաշտի անիմաստ, «անբովանդակ, անպտուղ գզվռոտցը»։