Միջազգային մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ Բայդենի վարչակազմը սպառնացել է արգելել TikTok-ը Միացյալ Նահանգներում, եթե հավելվածի չինացի սեփականատերերը չհամաձայնեն վաճառել իրենց բաժնետոմսերը, քանի որ ԱՄՆ-ն այս հավելվածը ռիսկային է համարում իր ազգային անվտանգության համար։
Օրեր առաջ այդ մասին խոստովանեց նաև Չինաստանը, պնդելով, որ Միացյալ Նահանգները «անհիմն ճնշում է» TikTok-ը և տարածում է տվյալների անվտանգության խախտման մասին «կեղծ տեղեկատվություն»:
«Ամերիկյան կողմը մինչ այժմ չի ներկայացրել ապացույցներ, որ TikTok-ը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վանգ Վենբինը՝ հերթական ճեպազրույցի ընթացքում։
Մինչ այդ Սպիտակ տունը հրահանգ էր տվել ԱՄՆ պետական մարմիններին հեռացնել TikTok հավելվածը բոլոր համակարգիչներից և պաշտոնյաների հեռախոսներից։ Այլ երկրներ, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան, այժմ նույնպես իրականացնում են նմանատիպ արգելքներ:
Դպրոցներն ու համալսարանները նույնպես քննարկում են հավելվածն արգելելու հարցը, ինչը միանշանակ չի ընդունվել ուսանողների կողմից:
TikTok-ի խոսնակը հաստատեց, որ մի շարք օգտատերեր պլանավորում են Վաշինգտոնում բողոքի ակցիա անցկացնել՝ հուսալով իրենց մտահոգությունը հասցնել վարչակազմին: Մինչդեռ մի շարք այլ հարցումներ պնդում են, որ շատ օգտատերեր անտարբերությամբ են վերաբերվում արգելքին, քանի որ կան այլ աղբյուրներ ինչպես օրինակ յութուբում կարճ վիդեոների տեղադրման հնարավորությունը կարող է փոխարինել TikTok-ին։
TikTok-ն ԱՄՆ-ում արգելվել էր նաև 2020-ին Թրամփի օրոք։ Բայդենը, գալով իշխանության, չեղարկեց այդ օրենքը, իսկ հիմա կարելի է ասել՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ներկայիս նախագահ Ջո Բայդենը համաձայն են առնվազն մեկ հարցի շուրջ՝ պետք է քայլեր ձեռնարկել TikTok-ի դեմ։

Արմինե Մուրադյան