Հայաստանը խուսափում է «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու իր պարտավորությունից. Ալիևը կրկին մեղադրում է Հայաստանին
copy image url

Հայաստանը խուսափում է «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու իր պարտավորությունից. Ալիևը կրկին մեղադրում է Հայաստանին

Արտաքին 2 տարի առաջ - 17:05 16-03-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Հայաստանը խուսափում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը բացելու իր պարտավորությունից»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Անկարայում կայացած Թյուրքլեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթաժողովի ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ չնայած Հայաստանը 2022 թվականին՝ Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «դեռևս ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից»։ Նրա խոսքով՝ Արցախում դեռևս շարունակում են մնալ «հայկական անօրինական ավազակախմբերը և քրեական տարրերը» (նկատի ունի Արցախի պաշտպանության բանակին-խմբ)։

«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքը բացելու պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հռչակագիրը և պետք է պատասխանատվություն կրի դրա համար»,- հայտարարել է Ալիևը։

Վերջինս հավելել է, թե իբր, «Ադրբեջանն իր տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո» այսպես կոչված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տարածքում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Նա նշել է, որ «Ադրբեջանը վերականգնում է կյանքը Հայաստանի կողմից ամբողջությամբ ավերված ընդարձակ տարածքների վրա»։

«Զրոյից կառուցում ենք 9 նոր քաղաք, իսկ առաջին փուլում՝ ավելի քան 300 գյուղ ու բնակավայր։ Սա վերակառուցման հազվագյուտ և աննախադեպ մոդել է, որը հետկոնֆլիկտային շրջանում իրականացնում է ազգային կառավարությունը՝ սեփական ֆինանսական ռեսուրսների հաշվին»,- նշել է նա։










Ձեզ գուցե հետաքրքրի