«5165» շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազատ խոսքի, կոռուպցիայի վերացման, թալանված փողերը կոպեկ առ կոպեկ ժողովրդին վերադարձնելու լոզունգներով, Արցախի հարցին նախկիններից էապես շահեկան լուծում տալու և առհասարակ հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցելու խոստումներով հինգ տարի առաջ իշխանության եկած վարչախումբը այսօր երկիրը հասցրել է մի վիճակի, երբ․
*ծաղկում է կոռուպցիան, պատերազմական վիճակում գտնվող ու աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում անզուսպ հարստանում են իշխանական վերնախավի ներկայացուցիչները (պատգամավորի կամ նախարարի աշխատավարձով ինչ-որ հրաշքով գնում են մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատներ, հանգստանում են աշխարհի ամենաթանկանոց զվարճանքի կենտրոններում և շատ այլ բաներ, որոնք դեռևս լուսաբանված չեն),
* ոտնահարվում է ազատ խոսքը․ հանրապետական սփռումից զրկվեցին Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները, հարստացած հեղափոխականների մասին անոնսից ու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի սուր հարցադրումից հետո երջանիկ պատահականությամբ ջնջվում է «Առավոտ» օրաթերթի յութուբյան պաշարը․․․
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոց փակի կամ սահմանափակի, որքան էլ անհեթեթ պատասխաններ տա իր և իր մտերիմների կողմից մեր արյունաքամ ժողովրդի սուղ միջոցները կողոպտելու վերաբերյալ հարցերին, Արցախի հարցն ու երկրի անվտանգությունը տապալելու վերաբերյալ հարցերին, որքան էլ փորձի իրեն դիրքավորել որպես հասարակ մի մարդ (Կինոհայրենիքի տուն չկարողանալ ծախել, պեռաշկի ուտել, արաղ խմել, փոր քորել) միևնույն է, ժողովուրդը տեսնում է էս ամենը, ժողովուրդը զգում է նոր ու մեծ պատերազմի շունչը ու դրան ի պատասխան տեսնում այս վարչախմբի թալանը, պետությունը նոր կապիտուլյացիայի տանելու ուղեգիծը, ողբերգական արկածախնդրությունը։
Ճանապարհը դժվար է, երկար, փշոտ ու փոշոտ, վտանգներով լի, բայցև հինգհազարամյա ազգի պատվի հարցն է այստեղ, բազմահազար իմացյալ մահերի պատասխանի հարցը․․․»։