Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ Ուկրաինական հակամարտության համատեքստում Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը կենտրոնացած է քաղաքական լուծումների և երկխոսության վրա: Նա վերահաստատել է հակամարտությունը երկխոսության քաղաքական ճանապարհով լուծելու Թեհրանի կոչը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձել են նաև երկարաժամկետ համապարփակ համագործակցության համաձայնագրի վերաբերյալ վերջին տեսակետներին։
Բացի այդ Աբդոլլահիանն ու Լավրովը կարծիքեր փոխանակել Սիրիայի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու նպատակով Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի միջև քառակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։
Նշվում է, որ Աբդոլլահիանի և Լավրովի հեռախոսազրույցի առանցքում է եղել նաև Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև տեխնիկական համագործակցության հետ կապված զարգացումները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ դեմառդեմ շփումների նախաշեմին կողմերը հաստատել են սերտ համակարգման տրամադրվածություն։ Նախարարները ընդգծել են նաև ռուս-իրանական բազմապլան համագործակցության զարգացման դրական դինամիկայի ամրապնդումը։