Փաստացի պատերազմական պայմաններում հայրենական տնտեսությունը պետք է դրվի ռազմական ռելսերի վրա․ Երվանդ Թարվերդյան
copy image url

Փաստացի պատերազմական պայմաններում հայրենական տնտեսությունը պետք է դրվի ռազմական ռելսերի վրա․ Երվանդ Թարվերդյան

Ներքին Միտք 2 տարի առաջ - 13:06 06-03-2023
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը գրում է․

«Մտահոգությամբ լսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բեռլինյան ասուլիսի այն հատվածը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նորանոր հավակնությունների և ՀՀ տարածքային ամբողջականությունը գործող սահմաններում չճանաչելու մտադրության մասին։

Թշնամի պետությունն ու նրա առաջնորդը որևէ դեպքում չեն կարող և չպետք է նման ախորժակ ունենան։

Նախ, Ադրբեջանը դեռևս շարունակում է զավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքից մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր՝ այդպիսով թիրախավորելով ՀՀ տասնյակ գյուղական բնակավայրեր և ճանապարհներ։ Բացի այդ, Բաքվի բանտերում են մեր տասնյակ ռազմագերիները։

Ի վերջո, Արցախի կյանքի ճանապարհն արդեն մոտ երեք ամիս է՝ փակ է, իսկ Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ երկխոսությունը, նույնիսկ ռուսական զորակազմի միջնորդությամբ, որևէ արդյունք չի կարող տալ, քանի դեռ պաշտոնական Երևանն այդ բանակցություններից անմասն է և չի ներկայացնում հայկական կողմերի շահերը։ Այս ամենին ավելացավ օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ Արցախի ոստիկանական հերթափոխի ժամանակ, երբ թշնամու դիվերսիոն գործողության հետևանքով զոհեր ունեցանք։

Ես և մեր քաղաքական թիմը համարում ենք, որ անհրաժեշտ է շատ հստակ և միարժեք կերպով դատապարտել Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունն ու քայլերը, Եվրամիությունից և ԱՄՆ-ից պահանջել անձնական պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի նկատմամբ, հնարավորության դեպքում բարձրացնել նաև Ադրբեջանին զենքի վաճառքը սահմանափակելու հարցը։ ՀՀ-ն չի կարող լուռ հետևել, թե ինչպես է Բաքուն խոսքով և գործով մոտեցնում Հայաստանի պետականության լուծարման շրջափուլը։

Ես բազմիցս եմ խոսել այն մասին, որ փաստացի պատերազմական պայմաններում հայրենական տնտեսությունը պետք է դրվի ռազմական ռելսերի վրա։ Ինքս համակողմանի օգնություն եմ ցուցաբերել վիրավոր Արցախին, և իբրև քաղաքական գործիչ ու գործարար՝ շարունակում եմ համարել, որ այսօր բոլորիս կարևորագույն, կենտրոնական խնդիրը հենց ոլորտային ռեսուրսների կենտրոնացումն է՝ թույլ չտալու թշնամու լկտիացումն ու սանձարձակ վարքը»։