Ուկրաինան այս գործողությամբ նպատակ ուներ թուլացնելու ՌԴ ԶՈւ վարկանիշը
copy image url

Ուկրաինան այս գործողությամբ նպատակ ուներ թուլացնելու ՌԴ ԶՈւ վարկանիշը

Խոսք Արտաքին 2 տարի առաջ - 18:07 02-03-2023
«Չեմ կարծում, թե Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Բրյանսկի շրջանի վրա կարող է որակական որևէ ազդեցություն ունենալ»։ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը տեսակետ հայտնեց, որ այդպիսի հարձակումներն սպասելի են։

«Դե գիտեք, արդեն փաստացի լիակատար պատերազմ է ընթանում Ուկրաինայի և Ռւսաստանի միջև։ Իհարկե, Ուկրաինան ռուսական տարածքի վրա հետևողական ձևով հարձակում գործելու խնդիր չունի։ Բայց չի բացառվում, որ նման տիպի գրոհներ կլինեն նաև ապագայում»,- ասաց նա։

Քաղաքագետն Ուկրաինայի վերջին գործողություններն առավելապես գնահատում է որպես PR ակցիա, որով նպատակ է դրվել թուլացնելու Ռուսաստանի ԶՈւ վարկանիշը։

«Մանավանդ, գիտեք, որ այդ Բախմուտի շրջանի հետ կապված խնդիրը կարող է հանգուցալուծվել ի վնաս Ուկրաինայի։ Ուկրաիnան այդպիսի քայլերով կփորձի կոմպենսացնել իր իմիջային կորուստը։ Երբ որ Ուկրաինան պարտվում է, դրանից հետո դժվարանում է զենք-զինամթերք հայթայթել արևմտյան շրջանակներից։ Եվ, ըստ էության, իր համար այս քայլերը կարևոր են, որպեսզի իր պարտությունը կոմպենսացնի Ռուսաստանին հասցված ինչ-որ այդպիսի իմիջային հարվածներով, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ իր խնդիրների առումով»,- ասաց նա։

Երվանդ Բոզոյանը մեծ չի համարում ռուսական կողմից մասշտաբային հակահարվածի հավանականությունը։ Իր խոսքով՝ այժմ Ռուսաստանի գլխավոր խնդիրը հանգուցային կետ համարվող Բախմուտի գրավումն է։ Դրանով նրանք կփորձեն լուծել իրենց համար շատ կարևոր խնդիր՝ և՛ ռազմական և՛ քաղաքական տեսակետից։

«Բախմուտի գրավումը կարող է համազգային դեր կատարել գարնան այս օպերացիայի ժամանակ։ Դրանով փաստացի կարող են կտրվել ուկրաինական բանակի՝ Դոնեցկի և Լուգանսկի ուղղությունների գործողություններն ու միգուցե նաև կարող է շրջափակման մեջ հայտնվել ուկրաինական բավականին մեծ զորախումբ։ Այդ իմաստով, ուկրաինացիների վիճակը կարող է շատ ավելի բարդանալ»,- ասաց նա։

Վերջին գործողությունների հետևանքով պատերազմի նոր փուլ, այդուհանդերձ, չի կանխատեսվում։

«Մարդիկ գնացել են, գրավել են, պատանդ են վերցրել ու դուրս են եկել։ Այստեղ ասել, որ ուկրաինական ԶՈւ-երը Բրյանսկի հետ կապված որևէ նպատակ ունեն, այդպես չէ։ Ընդամենը իմիջային հարվածի նպատակ կա՝ Բախմուտի կորստից առաջ։ Սա է խնդիրը»,-ասաց նա։