ԲԴԽ-ն դադարեցրեց Զարուհի Նախշքարյանի լիազորությունները

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:56 27-02-2023
ԲԴԽ-ն հրապարակեց Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ որոշումը։ Դատավորի լիազորությունները դադարեցվեցին։

«ԲԴԽ-ն որոշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը բավարարել, դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական դատավարական խախտման հիմքով։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորն արդեն իսկ ունեցել է կարգապահական տույժ, խիստ նկատողություն, որը մարված չէ։

Դատավոր Նախշքարյանը Աննա Փիլոսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի խախտում։

Դատական նիստը ավարտված է»։

Որոշումն ընթերցեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:

Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռևս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին:

Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։