Ինչ հանգամանքներում, որտեղ է թաղվել Գարեգին Նժդեհի մայրը․ Սպարապետի մոր հիշատակի օրը նշվել է

Ներքին 2 տարի առաջ - 21:55 21-02-2023
Ցուրտ էր այսօր, ձմռան օր։ Քամին իր ափերի մեջ հավաքում և գերեզմանատուն այցելած հայերի դեմքին ցրիվ էր տալիս ձյան փաթիլները։ Գերեզմանատունը Դիլիջանում էր։ Հին, ավանդական, իրար մոտ տեղադրված գերեզմանաքարեր, բայց մի հուշաքար բոլորից առանձին․ այն սրբատեղի է համարվում, չնայած քչերը գիտեն այդ մասին։ Այցելուները ջերմություն և վեհություն էին զգում, որովհետև փետրվարի 21-ը Գարեգին Նժդեհի մոր՝ Տիրուհի Գյուլնազարյանի հիշատակի օրն է։



«Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանը և Դոնի մեծագույն զորքի՝ Հայաստանի Հանրապետությունում առանձին կազակական միավորման նախագահ, գեներալ-մայոր Արմեն Դորունցը իրենց պարտքն էին համարել այցելել Նժդեհի մոր շիրիմին։

Հայաստանի Հանրապետությունում Արցախի «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Ռոման Բալայանը ներկայացրեց հերոսածին հայուհու կենսագրությունը։ Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի դպրոցի սաները, ավագանու անդամներ։



Հասարակական գործիչ Անի Պապյանը դպրոցականներին բացատրել էր և ներկայացրել այս համեստ շիրմաքարի պատմությունը։

Ծնվել է 1850-ականներին Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում, ու եղել է նրա 7 դուստրերից մեկը։ Գյուղացիները Տիրուհուն երբեմն կոչում էին Խաթայի։ Ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են 4 երեխաներ. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը։ 1888 թվականին, երբ երեխաներից ավագը՝ Անիկը՝ 11, իսկ կրտսերը՝ Գարեգինը 2 տարեկան էր, մահանում է ընտանիքի հայրը։ Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։ Գարեգին Տեր-Հարությունյանին բարձրագույն ռազմական կրթություն օգնում է ստանալ նրա ազգականներից մեկը՝ Ցոլակը, որը այդ ժամանակ ցարական բանակի սպա էր։ Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, ով Ջուղայում ուսուցիչ էր։ 1920-ականներին, երբ Գարեգինը արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց Վլադիկավկազ։ 1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը, գնում է հանգստանալու՝ Դիլիջան, ու Տիրուհուն տանում է իր հետ։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է ու 1938 թվականի փետրվարի 21-ին նա մահանում է։



Լուսին Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։