Թուրքիայի աղետի ֆոնին այդքան հե՞շտ մոռացան Արցախի ճգնաժամը․ Թևան Պողոսյան
copy image url

Թուրքիայի աղետի ֆոնին այդքան հե՞շտ մոռացան Արցախի ճգնաժամը․ Թևան Պողոսյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:54 17-02-2023
Թուրքիան ասում է՝ մինչև իմ առաջադրած նախապայմանը չլուծեք, ինձնից որևէ բան մի սպասեք, ոչ էլ մտածելու ենք այդ մասին։ Մենք Ադրբեջանի կողքը կանգնած ենք։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե Հայաստանի կողմից իր երկրին հումանիտար օգնություն տրամադրելու գործողույթունները դրական անդրադարձ կարող են ունենալ Հայաստանի-Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում։

«Որևէ մեկը տեսե՞լ է, որ ՀՀ ԱԳՆ-ի այցի ժամանակ Հայաստանն ու Թուրքիան որևէ պրոտոկոլ ստորագրեն։ Ուրեմն, մենք ունեցել ենք նաև հարաբերություններ, որտեղ նույնիսկ պրոտոկոլներ ենք ստորագրել։ Էլի ոչ մի բան չի եղել։ Այնպես որ այստեղ էլ չեմ պատկերացնում, որ որևէ առաջընթաց կարող է լինել։ Դե, հասկանալի է, երևի պետք էր, որ աշխարհի մի քանի երկրներ, հատկապես ԵՄ-ով ոգեշնչված փորձում էին ինչ-որ գործողություններ իրականացնել։

Չաուշօղլուն, որպեսզի չխանգարի այդ օգնությունների գործընթացին, փորձեց դրականով անդրադառնալ։ Մենք էլ ինչ ասենք, միևնույնն է, Թուրքիան իր նախապայմանների սահմաններից չի հրաժարվելու։ Այնպես որ, որևէ ակնկալիք ունենալ պետք չէ»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը հիշեցրեց Թուրքիայի՛ գործողությունները Արցախի ու Հայաստանի նկատմամբ՝ ընդամենը երկու տարի առաջ։ «Թուրքիան այդ ժամանակ պատերազմի սանձազերծմանը մասնակցել է, իր զորքերով ներգրավվել է, իր կողմից տեռորիստական կազմակերպություններին ներմուծել է, բերել է, զենք ու զրահ է տվել, նույնիսկ իր գեներալներին է տվել, որ այդ ամեն ինչն անեն։ Էլ չասեմ, որ դրանից հետո միշտ ասում է, որ մինչև Ադրբեջանի հետ ձեր հարցերը չլուծեք, հարաբերությունների կարգավորման մի սպասեք։ Իրենք դա միշտ են ասել, չգիտեմ՝ ինչու էին մերոնք ասում, որ ոչ մի նախապայման չկա, երբ որ Թուրքիան մեռնում էր արդեն, չգիտեր, թե էլ ոնց բարձրաձայներ իր նախապայմանները»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ որքան էլ Հայաստանը փորձի Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելու միջոցով հասնել քաղաքական խնդիրների լուծման՝ հաջողության չի կարողանալու հասնել։ «Այս դեպքում գործում է «կրկին փորձիր» սկզբունքը։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ժամանակ է փորձել այդ ժամանակ եղած վիճակներով, Ռոբերտ Քոչարյանն իր ժամանակ է փորձել։ Եթե չեմ սխալվում, Դեմիրելի (այդ ժամանակ Թուրքիայի նախագահ- խմբ․) հետ Սոչիում էլ է հանդիպել։ Սերժ Սարգսյանը նույնիսկ պրոտոկոլներ է ստորագրել։ Դե, Նիկոլ Փաշինյանն էլ իր փորձերն է անում, բայց արդյունքն, իմ պատկերացմամբ, լինելու է նույնը։ Թուրքիան իր նախապայմանները դեռ Ադրբեջանով է պայմանավորում։ Իսկ դրանց ավարտվելուց հետո էլ չի ասելու, որ, այո, հեսա կույր-կույր ամեն ինչ անելու եմ։ Դրանից հետո նոր կմտածի, թե ինքն իր համար ինչ է անելու»։

Փորձագետի խոսքով՝ թուրքական նախապայմանները պարզապես Ադրբեջանով չեն ավարտվում։ Այդ երկիրն ունի նաև իր սեփական նախապայմանները։ «Դրանք ավելի խորացված են։ Եթե մտածում են, որ այդպիսի բան չի լինելու ու մենակ Ադրբեջանի հարցն է՝ սխալվում են։ Պետք է մի շատ կարևոր բան գիտակցենք, որ եթե Ադրբեջանի պարագայում նույնիսկ հայկական կողմի բանակցողները միշտ ասում են, որ մի բանի համաձայնում էին, Ադրբեջանը հաջորդ օրն այլ բան էր ասում։ Իսկ այդ նույն Ադրբեջանն ո՞ւմ մոտ է դիվանագիտության դպրոց գնացել․ Թուրքիայի մոտ։ Ադրբեջանի դեպքում որևէ բանի հասնելու դեպքում Թուրքիան է նախապայմաններ ներկայացնելու»,- ասաց նա։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն, ըստ քաղաքագետի, պետք է սկսվի այդ երկրի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման գործընթացով։ «Իսկ «խաղաղություն» բառն ո՞վ է հորինել։ էդ ինչպե՞ս են մտածել, որ ինչ-որ մի տեղում խաղաղություն է հաստատվելու։ Խաղաղություն չի լինելու, որովհետև նույն թուրքերն ու ադրբեջանցիները նկարագրել են իրենց երազանքը։ Ասել են, որ Երևանն էլ պետք է վերցնեն։ Դրանից հետո, երբ որ Երևանը վերցնեն, Դուք խաղաղություն պատկերացնո՞ւմ եք։ Ինքներս մեզ ենք խաբում։

«Երկարատև խաղաղություն»։ Ո՞վ է ասել, որ այդպիսի բան է թույլ տալու Ադրբեջանը։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ասում՝ ախր, ես որ տեսնեի էդ սահմանը՝ կզիջեի։ Բա որ մարդը չի տեսնում այդ «սահմանը» էլ ինչի՞ մասին ենք խոսում։ Տեսել եք չէ՞ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հրապարակված քարտեզները։ Դուք դա խաղաղությո՞ւն եք անվանում։ Եթե ոչ, ապա իմացեք, որ ոչ մի կարգավորում էլ չի լինելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ շենքի դիմաց հայկական դրոշի ամրացման, ՀՀ ԱԳՆ-ին Թուրքիայի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի դիմավորելու ու մյուս փաստերին՝ Պողոսյանն ասաց, որ արել են այնպես, ինչպես տեղին են համարել ու թույլ է տվել պրոտոկոլային կանոնը։ Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարին՝ ոչ թե Չավուշօղլուի, այլ Քըլըչի մակարդակով ընդունելությանը։ «Դա արդեն, ում որ ընդունել են, թող ինքը մտածի։ Ինձ համար ցավալի է, որ այստեղից գնալու խնդիր է բացվել։ Դե, հասկանում եմ՝ պետք է ցավակցեիք՝ ցավակցեիք։ Եթե տեխնիկական իմաստով օգնության իմաստ էլ կար՝ անեիք։ Մենք ունենք կոնֆլիկտի խնդիր ու միշտ ասել ենք, որ չենք կարող անկախությունը ճանաչել, քանի դեռ Արցախի ճանաչումը չկա։ Դրա համար շատ ու շատ երկրներին, որոնց նույնիսկ մեր դաշնակիցը խնդրել է ճանաչել կամ նույնիսկ եվրոպացիները ճանաչել են, մենք չենք ճանաչել։ Այս ամեն ինչը պայմանավորված է եղել մեր սեփական խնդրով։

Հիմա մենք մեր սեփական խնդիր ունենք։ 120․000 մեր հայրենակիցներին պետք է սնունդ ու ամեն ինչ ապահովենք, հումանիտար օգնություն։ Խոսում ենք հումանիտար ճգնաժամի մասին։ Հիմա գնացել, չգիտեմ ինչ ենք անում։ Ի՞նչ է, որոշել ենք աշխարհում ավելի հումանի՞ստ երևալ։ Ի՞նչ է դա տալու։ Մեզ գնահատելո՞ւ են»,- ասաց նա։

Իր խոսքով՝ նախկինում էլ բնական աղետից տուժած երկրներին ցավակցելու գործընթաց իրականացվել է, բայց դա սահմանափակվել է ցավակցությամբ ու հումանիտար օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնելու շրջանակում։ «Բայց դա սարքել ամբողջ օրվա քաղաքական օրակարգ՝ մոռանալով քո սեփական խնդիրը, Արցախում քո հայրենակիցների զրկանքները, դրա մասին չխոսելը, կարծում եմ, որ ամենասխալ մոտեցումն է»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Ամենից շատ դիտված