Ավագ դպրոցում մարզառազմական պարտադիր  ճամբարներ կազմակերպելը դեռ վաղ է. փորձագետ
copy image url

Ավագ դպրոցում մարզառազմական պարտադիր ճամբարներ կազմակերպելը դեռ վաղ է. փորձագետ

Ներքին 2 տարի առաջ - 16:43 16-02-2023
Մի դասարանի համար է, եթե չեմ սխալվում, այդ պարտադիր պայմանը։ Այո, շատ լավ նախաձեռնություն է, ուղղակի դրա համար հիմքեր դեռևս նախապատրաստված չեն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով ավագ դպրոցում մարզառազմական ճամբարների պարտադիր անցկացումից։

Կրթության փորձագետի խոսքով գաղափարը շատ լավն է, բայց անելիքներ շատ կան. «Ոչ պայմանավորվածություններ կան պատշաճ մակարդակի, ոչ դասավանդող ուսուցիչներն են տեղյակ, թե դա ինչպես է լինելու, այսինքն՝ ահագին բան կա անելու, գաղափարը շատ լավն է, այնցած անգամ էլ էինք անդրադարձել, ասել ենք, որ գաղափարն ուսումնական հաստատություններ-բանակ կապը ամրապնդելու, մեր երեխաների մոտ այդ հայրենասիրական դաստիարակությունն ուժեղացնելու համար իսկապես լավ բան է, ընդ որում, երեխաների մոտ էլ հետաքրքրությունն է շատ մեծ՝ նման միջոցառումների կամ ծրագրերի մասնակցելու առումով։ Սակայն, ինչ մակարդակով դա կանցկացվի, դեռևս հայտնի չէ, լավ կլինի, որ լավ նախապատրաստվեն, հետո նոր իրականության կոչեն»։

Հարցին, թե կա՞ արդեն սահմանված ծրագիր՝ մարզառազմական ճամբարների պարտադիր անցկացման համար, Մխիթարյանն ասաց. «Դեռ վերջնական դա էլ պարզ չէ, ընդ որում, որտեղ է լինելու, ովքեր են դրա համար պատասխանատվություն կրելու, եթե ինչ-որ բան այն չլինի, ով է դրա համար պատասխանատու՝ լիազոր մարմիններ, դպրոցներ, կազմակերպող կազմակերպություններ, ինչպես է լինելու, որքան գումար է հատկացվելու երեխաների անվտանգությունը, սնունդը, հանգիստը, քնելը, մնացած հարցերը կարգավորելու համար՝ անհասկանալի է։ Ուղղակի նկարագրություն կա, բայց գործնականում որևէ բան հայտնի չէ, դրա համար շատ մանրամասն խոսել ծրագրի մասին, թե ինչպեսին է՝ չենք կարող։ Դրա համար միայն գաղափարի մասին ենք խոսում և ասում, որ գաղափարը դրական ենք գնահատում, մնում է մնացածը»։

Հարցին, թե ուսումնական տարվա ո՞ր ժամանակահատվածում է լինելու, հնարավո՞ր է՝ երեխաների հանգստի հաշվին կազմակերպվի, Մխիթարյանն ասաց. «Դրանք անցկացվելու են, եթե չեմ սխալվում, ուսումնական տարվա ավարտին։ Այսինքն, որպեսզի դասերին չխանգարի, և դա դրական է, որ այդպես լինի, այսինքն՝ դա կլինի կարծես կազմակերպված հանգիստ երեխաների համար, որը էլի լավ է»։

Մխիթարյանի խոսքով այդ ծրագիրը կյանքի կոչելուց առաջ պետք է երկար ճանապար անցներ. «Ցավոք սրտի, դեռ այդ ամենը չկա․ ինչ է դասավանդվելու, ինչ հմտություններ, կարողություններ են ուսումնառվելու և այլն։ Այս ամբողջը պետք է մշակվի, մասնագետների հետ քննարկվի, գուցե փորձարկվի, հետո նոր կիրառվի, ամեն դեպքում ես խորհուրդ կտամ այդ փուլերով անցնել, հետո նոր կիրառել և համընդհանուր դարձնել բոլոր դպրոցների համար»։