1935 թվականի փետրվարի 12-ին ծնվել է հայ նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։
Այս առթիվ ձեզ համար առանձնացրել ենք Մաթևոսյանի մասին հայտնի մարդկանց մտքերն ու նրա դիմանկարները։ Եվ այսպես հինգ միտք և հինգ պատկեր Հրանտ Մաթևոսյանի մասին։
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»:
Վիլյամ Սարոյան, ամերիկահայ գրող
Հենրիկ Սիրավյան․ «Վիլյամ Սարոյան և Հրանտ Մաթևոսյան»«Ես գիտեմ, որ ոմանց համար սա ահավոր խայտառակություն է, բայց երբեք զգացողություն չեմ ունեցել, որ ես ինչ-որ ազգության եմ պատկանում: Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից, եբրայերեն ես նույնպես չեմ խոսում, հրեական միջավայրում ես ինձ յուրային չեմ զգում: Ու միչև վերջերս ես հայերի դժբախտություններին նայում էի, ինչպես կնայեի ցանկացած այլ ազգերի՝ հնդիկների, չինացիների դժբախտություններին... Բայց վերջերս, մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան...»։
Սերգեյ Դովլաթով, հայ-հրեական ծագմամբ ռուս գրող
Վարուժան Վարդանյան․ «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը»«...Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծծնդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդավայրը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտնվել էր Մոսկվայում... Ու միայն աշխատասենյակի ճգնակեցությունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց...»։
Անդրեյ Բիտով, ռուս գրող
Ռուդոլֆ Խաչատրյան․ «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը»«Հրանտ Մաթևոսյանի առաջին իսկ տողերից զգացվում է բնաշխարհը ճանաչող, բնաշխարհին կապված և նրա հյութերով հարուստ գրողի ներկայությունը։ Փողկապավոր գյուղերգակ չէ Մաթևոսյանը, Ալխոն և գյուղն իր բնանկարներով նրա մեջ են, ինքն էլ իր հոգեբանությամբ և աշխարհատեսությամբ մի գյուղ է ու բնանկար, մի... Ալխո։
Մաթևոսյանն իր հերոսների աչքերով է դիտում երևույթները և «արձանագրում»։
Գուրգեն Մահարի, հայ արձակագիր
Հենրիկ Սիրավյան «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը»«Ինչ ասեմ` սևեռված եմ Հրանտ Մաթևոսյան երևույթի վրա։ Նրան եմ շատ կարդում։ Նա իմ էս ժամանակն է։ Նրա Ծմակուտն իմ ու մեր էս Հայաստանն է, և էլի ամբողջ ու ամբողջ Հայաստանը` է ինչքան որ երկիր ունենա։ Եվ մեր` իմ, քո, ձեր և մեր մեջ եղած-վերադարձող երկիրը։
Ինչքան ապրեմ ` սիրտս լիքն է մեր մեջ էս Հրանտով, նրա ստեղծածով, որովհետև էսպիսի գրող հազիվ է ծնվել, հազիվ էլի ծիլ է տալիս, հայ արձակ գրականությունն է շենացնում։ Այսինքն ազգ ենք դառնու՞մ։ Արձակը ե՞րբ է թագավոր. երբ որ երկրի սահմանների ընդարձակ գիտակցություն կա, պետության, պետականության իմաստավորումը կա` հիմնովին փաստով։ Տեր ենք։ Տերն ենք։ Ինքներս մեզ մեր մեջ հավաք ենք ուզում տեսնել... Առաջ Հրա՞նտն եղավ,- չէ, առաջ հիշողության-վրեժի փախուստն եղավ, ապա էս Հրանտով էդ բաների մեր գոյության դարձի փաստումն եղավ։ Հրանտ Մաթևոսյան եղա՞վ։ Եղավ ազգապահ իր տեսակը, մեզ էլ իր հետ շարունակեցրեց մեր էս պետական մտածողության ճշտի համար, հատուկ էդ մտածողության վաղվա հասուն ողնաշարի համար...»։
Սոս Սարգսյան, դերասան
Ստեփան Գրիգորյան «Գրող Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը»Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը