«Զինվորականների հետ կապված՝ աբսուրդ է ատեստավորումը, որ աշխատավարձ բարձրացնեն, Փաշինյան Նիկոլը մինչև հիմա էլ բանակի, զինված ուժերի հետ առնչություն ունեցող թեմաների անգամ բառամթերքին չտիրապետեց»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով իշխանության կողմից առաջարկվող այն փոփոխություններից, որոնց համաձայն՝ ուժային կառույցի աշխատողները ատեստավորման միջոցով կարող են բարձրացնել իրենց աշխատավարձը։
«Բանակում աշխատավարձ չկա, միայն իր Հայկական ժամանակում կար աշխատավարձ, դրամաշորթված գումար։ Պարգևավճարներ բանակը չունի, բանակում, ինչպես նաև ուժային ցանկացած կառույցում ատեստավորման իմաստը ոչ թե դրամական բավարարման գումարը բարձրացնելն է, այլ ստուգվում է»,- ասաց Նահապետյանը։
«Երկրի ունեցած մարտահրավերների համատեքստում, եթե մոտալուտ պատերազմ է սպասվում, ատեստավորման իմաստն այն է, որ մեկ անգամ ևս ստուգեն կարևորագույն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատու են լինելու պատերազմի ժամանակ ուղղությունների համար, այդ ատեստավորման իմաստը ոչ միայն գիտելիքների ստուգումն է, այլև այդ ստուգման արդյունքում գնահատել՝ որքանով է իրավիճակին տիրապետում հրամկազմը, ոչ թե դրա արդյունքում աշխատավարձի բարձրացումը․ դա հիմարություն է»,- ընդգծեց Նահապետյանը։
Խոսելով ԱԱԾ-ում ատեստավորման միջոցով աշխատավարձ բարձրացնելուց՝ Նահապետյանն ասաց. «Զինված ուժերի մեջ նաև ԱԱԾ ստորաբաժանումներ և ոստիկանական ստորաբաժանումներ են մտնում, միայն բանակը չի, ատեստավորման իմաստը դրամական բավարարումը բարձրացնելը չէ, ատեստավորումը գիտելիքների փորձառության ստուգումն է, թե այս կամ այն բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան անձինք համապատասխանո՞ւմ են իրենց պաշտոններին, այսինքն՝ երբ որ նշանակում է եղել, սյուբեկտիվիզմը մեծ է եղել, թե փոքր է եղել»,- ասաց նա։
Խոսելով այդ ատեստավորման գործընթացի թերություններից՝ Նահապետյանն ասաց, որ այդ գործընթացում գլխավոր խնդիրներից մեկն այն, թե ով է այդ ատեստավորումն իրականացնողը։
«Իսկ ովքե՞ր են այդ գնահատող ատեստավորում անողները, մեկը լինի այդ ատեստավորողներին ատեստավորի։ Ի՞նչ չափորոշիչներով են անում, ի՞նչ փորձառություն ունեն, որտեղ են կրթություն ստացել։ Մեկ էլ կպարզվի, որ նրանք ավելի քիչ գիտելիք և փորձառություն ունեն, քան ում նկատմամբ պետք է ատեստավորում անցկացվի։ Ատեստավորումը միջոց է քաղպայմանագրի կողմից այս կամ այն անձին կամ անձանց ազատելու։ Նույնը բանակում, ԱԱԾ-ում և դպրոցներում է։ Սա միջոց է․ իրենք հիմնավորում են այս կամ այն անձից ազատվելը նրանով, որ իբր ատեստավորումը չի անցել, որովհետև հակառակ պայմաններում՝ երբ աջ ու ձախ ազատումներ լինեին, բնականաբար հարցեր են առաջանում՝ ինչ չափորոշիչներով է ազատվել։ Եթե պարզվի, որ իշխանությունների ընդդիմախոս է, կամ կեցվածքը հաճո չէ իշխանությունների վարած քաղաքականությանը, իրենցից ազատվում են, իսկ այսպես իրենք ասում են՝ մենք գիտելիքներն ենք ստուգել, չի բավարարել ազատել ենք»։
«Եթե պրոյեկտենք դա ուսուցիչների հետ կապված ատեստավորմանը, իրականում գիտելիքների փորձառության գնահատումն է, և դա շահագրգռում են՝ կապելով աշխատավարձի հետ։ Ես ասեմ Ձեզ, որ ոչ միայն ուսուցիչների, այլ նաև ոչ ուժային կառույցներում տարբեր մասնագիտությունների աշխատավարձների բարձրացման հետ կապված խոսակցությունները կսկսեն առաջանալ նախընտրական շրջանում՝ լինի Երևան քաղաքի ավագանու ընտրություն, համապետական ընտրություն, այդ շրջանում այդ թեմաները կինտենսիվանան, որպեսզի օդից կախված այդ կոնֆետի խայծը մարդկանց տան, ասեն ա՛յ եթե դուք այսպես անեք և այլն։ Բայց ես կարծում եմ, որ քաղաքացիական ոլորտների այլ անձանց ատեստավորումը ունի նաև այլ նպատակ, մասնավորապես ինչո՞ւ ուսուցիչներինը, որովհետև ընտրությունների ժամանակ հիմնականում ուսուցչական տեղամասերը դպրոցներում են լինում ներգրավված, այդ հանձնաժողովում ուսուցիչներ են, դպրոցի ղեկավարությունը։ Գնահատելով նախորդ ընտրությունների ժամանակ, թե որ դպրոցներում որ կոլեկտիվները հավատարմորեն ծառայեցին դեգենեռատ ու դիլետանտ իշխանություններին, ապա ըստ ատեստավորման՝ նրանք կմնան իրենց հաստիքների վրա, ովքեր հավատարմորեն չծառայեցին, ապա ատեստավորումը միջոց է օրինական ձևով այդ մարդկանցից ազատվելու, ոչ ավել և ոչ պակաս»,- ասաց Նահապետյանը։