1894 թվականի փետրվար 2-ին ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վաղարշ Վաղարշյանը։
Շուշիում ծնված Վաղարշյանը նախնական կրթությունը ստանում է տեղի թեմական դպրոցում, ապա 1907-ին տեղափոխվում Թիֆլիս` Ներսիսյան դպրոցում սովորելու: Սակայն Ներսիսյան դպրոցը փոխարինվում է առևտրական ուսումնարանով:
Վաղարշյանը թատրոն առաջին անգամ մուտք է գործում ոչ թե որպես դերասան, այլ` թատերագիր։ Ամո-Խարազյանի խումբը 1912-ին ներկայացնում է նրա հեղինակած «Փող և տաղանդ» պիեսը: Վաղարշյանը ներկայացումը դիտում է Հովհաննես Թումանյանի և դերասան Կարապետ Գալֆայանի հետ նույն օթյակում նստած: Սա Թումանյանի հետ նրա առաջին հանդիպումն էր, սակայն ոչ վերջինը։ Մեկ տարի ապագա դերասնը դառնում է Հովհաննես Թումանյանի հիմնադրած Կովկասյան հայ գրողների ընկերության առընթեր գործող սկսնակ գրողների ընկերության անդամ։

Թատրոնում Վաղարշյանի գործունեությունը չի սահմանափակվում միայն թատերագրի աշխատանքով։ Նա Օլգա Մայսուրյանի, Հասմիկի և այլոց հետ հյուրախաղերի է մեկնում Գյանջա, որտեղ փոքր ու աննշան դերեր է խաղում և զուգահեռ հուշարար աշխատում։
1914-1923 թվականները Վաղարշ Վաղարշյանի համար դառնում են կայացման, դրսևորման ու ինքնահաստատման շրջան։ Նա շարունակում է թատերական խմբերում խաղալ, զբաղվել ուսուցչությամբ, պիեսներ գրել, մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխությանը։
Վաղարշ Վաղարշյանի հասուն, լիարժեք ու պրոֆեսիոնալ գործունեությունը սկսվում է 1923 թվականից, երբ նա հաստատվում է Երևանում և դառնում Առաջին պետական թատրոնի դերասան։ Այս թատրոնում դերասանը առաջին տասնամյակում խաղում է ավելի քան քառասուն մեծ ու փոքր դերեր։

Վաղարշյանի այս շրջանի մասին բանաստեղծ Եղիշե Չարենցը գրել է. «...Ահա իսկապես մի տաղանդ, որ երեք տարի խաղում է, և մենք չենք տեսնում, թե հանձին Վաղարշյանի ինչպիսի մեծ ուժ ունի մեր Պետթատրոնը: Նկատելի է, որ նա լուրջ զբաղվում է իր արվեստով և արդեն իսկ ունի մշակված արվեստագետի տակտ և չափի զգացողություն»:
Կարճ ժամանակ անց Վաղարշյանն այլևս թատրոնի առաջատար դերասաններից ու անուններից մեկն էր: Ավելին` 1941-1949-ին նա դառնում է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Զբաղվում է նաև բեմադրական աշխատանքով։ 1944-ից դասախոսում է Երևանի թատերական ինստիտուտում, նկարահանվում կինոյում։
Վաղարշյանի դերացանկում բազմաթիվ հնչեղ դերեր կան` Համլետ, Եգոր Բուլիչով, Խլեստակով, Ֆիրս, Գագիկ թագավոր, Աշոտ Երկաթ, սակայն հայ թատրոնի պատմության մեջ առանձնակի նշվում ու որպես գլուխգործոց համարվում է նրա Արբենինի դերակատարումը Լերմոնտովի «Դիմակահանդեսում»։

Այս ներկայացման ու Վաղարշյանի մասին մի փոքր հուշ ունի գրած թատերագետ Ռուբեն Զարյանը։ Հուշը փոքր է, բայց շատ խոսուն։
1949-ին, երբ Արմեն Գուլակյանը բեմադրում է իր հայտնի «Դիմակահանդեսը», Արբենինի դերի համար ընտրում է Վաղարշ Վաղարշյանին և Գուրգեն Ջանիբեկյանին, իսկ Նինայի դերը` Մետաքսյա Սիմոնյանինն ու Հեղինե Հովհաննիսյանինն էր։ Հենց առաջին ներկայացումից սկսած խաղում է Վաղարշյան և Սիմոնյան զույգը։ Ջանիբեկյանն առանձնապես շահագրգռված չէր այս դերով բեմ դուրս գալ, դրանից տուժում էր Հեղինե Հովհաննիսյանը։ Եվ վերջինս խնդրում է Ռուբեն Զարյանին, որ միջամտի և Վաղարշյանին համոզի իր հետ բեմ դուրս գալ։ Ռուբեն Զարյանը ստանձնում է միջնորդի ու համոզողի դերը և խոսում Վաղարշյանի հետ։

«Վաղարշյանը ուշադիր լսեց ինձ, բայց չհամաձայնեց, բացատրելով մերժումն այսպես.
- Սիրելիս, ըստ հոգեկան կազմի և բնավորության գծերի Արբենինն ու Նինան հակապատկերներ են։ Արբենինը հուժկու բնավորություն ունի, Նինան պարզահոգի աղջիկ է։ Ուստի նրանց արտաքին հարաբերությունը պետք է համապատասխանի այդ բնութագրմանը։ Երբ Արբենինը Նինային գիրկն է առնում, նա պետք է կորչի գրկի մեջ։ Հեղինեն խոշորամարմին է և իրար չենք բռնի։ Ուրիշ հարց է Ջանիբեկյանը։ Գուրգենն ու նա իրար կհամապատասխանեն։ Գուլակյանը ճիշտ է դերաբաշխել։
Ու մի փոքր հետո։
- Ես հասկանում եմ Հեղինեին, նրա խաղալու ցանկությունը բնական է, բայց պետք է սպասի, մինչև Գուրգենը որոշի բեմ ելնել»։

Ռուբեն Զարյանն իր այս փոքր պատմությամբ բացահայտում է Վաղարշ Վաղարշյանի` մտածող, վերլուծող, գիտակցող դերասանի կերպարը։ Դերասանի կերպար ու տեսակ, որն այսօր այնքան շատ է պակասում հայ թատրոնում։
Նաիրա Եղիազարյան