Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակումը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և Ադրբեջանի նախագահի քաղաքական հայտարարությունները շատ են դանդաղեցնում հնարավոր խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը։ Հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ խաղաղ գործընթացը մտել է փակուղի` հիշեցնելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։ Վերջինս, մասնավորապես, ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկները եւ այժմ սպասում է պատասխանի։
Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանի վարչապետի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին. «Վերջինս, ի դեպ, պատրաստակամությունն էր հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի առաջխաղացմանը»,- նշեց Խանդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսվել է Վաշինգտոնում։ Ընդ որում Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել։
«Կարևոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այս փաստաթղթի կենսունակությունը։ Եվ մենք չենք շեղվում մեր նպատակներից։ Մենք շարունակելու ենք ամեն ինչ անել, որ սա իրականություն դառնա»,- եզրափակեց իշխող կուսակցության պատգամավորը։