ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց` արդյոք նախատեսվու՞մ է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։
«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով հանդիպումը հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն առաջարկեց պատգամավորների խմբով մեկնել Արցախ, որպեսզի միջազգային հանրությունն էլ տեսնի, որ Հայաստանը կյանքի է կոչում իր ստանձնած պարտավորությունները։ ՀՀ ԱԺ նախագահն էլ շեշտեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող են մեկնել Արցախ, երբ Լաչինի միջանցքը փակ է։ Առցանց քննարկումներ անցկացնելու հարցով էլ Սիմոնյանն ասաց, որ կարող են այդ հարցը քննարկել ու, եթե Արցախի գործընկերները նման հնարավորություն տեսնեն, ապա կարելի է անցկացնել։