1759-ի հունվարի 15-ին առաջին անգամ հանրության առջև իր դռները բացեց Բրիտանական թանգարանը, որը Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենահայտնի ու հարուստ թանգարաններից մեկն է։ Այստեղ ցուցանմուշների թիվն անցնում է 7 միլիոնը։

Թանգարանի հիմքը դրվել է 1753 թվականին՝ գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոունի անձնական հավաքածուուվ։

Այստեղ ներկայացված են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ:
Բրիտանական թանգարանի հռոմեական և հունական արվեստի հավաքածուն չունի իրեն հավասարը, իսկ եգիպտական հավաքածուն Եգիպտոսից դուրս, աշխարհում ամենամեծն է: Բացի այդ, Բրիտանական թանգարանում պահվում են անգնահատելի գանձեր անգլո-սաքսոնական և հռոմեական Բրիտանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից և Միջագետքից։ Իսկ տպագրությունների և գծագրերի հսկայական հավաքածուն այնքան մեծ է, որ հնարավոր է չէ բոլորը միաժամանակ ցուցադրել:

Երկար ժամանակ թանգարանի գլխավոր գանձարանը եղել է գրադարանը։ Շենքում տեղակայված հանրահայտ ընթերցասրահում աշխատել են ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ողջ աշխարհի մեծագույն գործիչները։ Ի դեպ, Կարլ Մարքսը 30 տարի շարունակ ամեն օր գնացել է գրադարանի կլոր ընթերցասրահ և իր հայտնի «Կապիտալը» գրել էր O7 սեղանին։
1972 թվականին գրադարանի հավաքածուն այնքան մեծացավ, որ որոշվեց այն Բրիտանական թանգարանից տեղափոխել առանձին շենք։

Թանգարանում հազարավոր մարդկացից բացի պաշտոնապես աշխատում են նաև վեց կատուներ։ Նրանց աշխատավարձը տարեկան 50 ֆունտ ստեռլինգ է և ունեն իրենց համազգեստը։ Նրանց կարելի է ճանաչել իրենց վզին ամրացրած դեղին ժապավենով։ Կատուները պահպանում են թանգարանը մկների և առնետների ներխուժումից:
Բրիտանական թանգարանը այցելուների թվով աշխարհում երկրորդն է, զիջում է միայն Լուվրին։ Այս թանգարանի այցելուների մշտապես փնտրած ցուցանմուշներից են Ռոզետայի քարը` հին եգիպտերեն տեքստերով, արձանները, որոնք զարդարել են հին հունական Պարթենոնի տաճարը, Հին Եգիպտոսից հասած մի քանի մումիֆիկացված կատուները և այլն։

Թանգարանը հարուստ է նաև գրավյուրաներով, որոնց թվում առանձնապես աչքի են ընկնում Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռեմբրանդտի, Ալբրեխտ Դյուրերի և այլոց աշխատանքները։

Աշխարհահռչակ այս թանգարանում են պահվում ուրարտական և հետուրարտական շրջանի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշներ, որոնք ցուցադրվում էին «Հնագույն Թուրքիա» անվան տակ։
Թանգարանի տնօրինության հետ մի քանի տարի բանակցություններ էին վարում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի լուսահոգի դեսպան Կարինե Ղազինյանը, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը, բազմաթիվ սրտացավ անհատներ ու ակտիվիստներ։ Առաջարկվում էր սրահը վերանվանել «Ուրարտու հնագույն Հայաստան», «Հնագույն Հայաստան», «Հայկական լեռնաշխարհ»։

Մեծ դժվարությունների գնով, 2015 թվականին Բրիտանական թանգարանը գնաց զիջումների և «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանեց «Անատոլիա և Ուրարտու»։ Դա ցանկալի արդյունքը չէր, բայց դրան հասնելու կարևորագույն քայլ էր։
«Անատոլիա և Ուրարտու» բաժնում ցուցադրված են Ուրարտուի շրջանի առարկաներ՝ մետաղյա ու կավե սափորներ, զենքեր, գոտիներ, սաղավարտներ, զարդեր, գործիքներ:
Բրիտանական թանգարանի գրադարանում պահվում են 175 հայկական ձեռագրեր, ծաղկազարդ մատյաններ։ Այստեղ կան նաև կիրառական արվեստի բազմաթիվ նմուշներ, խեցեղեն, վարագույրներ, գորգեր և այլն։

Այստեղ է պահվում ու ցուցադրվում Բրիտանական թանգարանի հայկական թեմայով ամենահայտնի ու ամենատպավորիչ ցուցանմուշը` Անահիտ աստվածուհու գլուխը, որը 1872 թվականին, Փոքր Հայքի Սատաղ վայրում հայտնաբերել են հողագործական աշխատանքների ժամանակ։

Թանգարանում Անահիտ աստվածուհու պատկերը ցուցադրվում է հելենիստական բաժնում` «Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհը սրահում և ներկայացվում է որպես հունահռոմեական մշակույթի մաս:
Նաիրա Եղիազարյան