Ինչ պատիժ է սպասվում ծնողին, ով չի վճարում երեխայի ալիմենտը. փաստաբան
copy image url

Ինչ պատիժ է սպասվում ծնողին, ով չի վճարում երեխայի ալիմենտը. փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 17:29 12-01-2023
Անչափահաս երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում մեծ նշանակություն ունի ծնողների կողմից իրենց երեխաների ապրուստը ժամանակին ու ճշգրտորեն հոգալը: «ՀՀ Օրենսդիրը, ընտանիքի անաշխատունակ ու կարիքավոր անդամի ապրուստը հոգալու գործը թողնելով պարտավոր անձի վրա, նրանց հնարավորություն է տալիս կայացնելու համաձայնություն ապրուստի միջոց` ալիմենտ վճարելու վերաբերյալ։ Նման համաձայնության բացակայության դեպքում ընտանիքի` ալիմենտի պահանջի իրավունք ունեցող անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ, եթե ծնողի եկամուտը քիչ է, ապա օրենքով սահմանված ալիմենտի նվազագույն չափը սահմանվում է 10․000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար։

«Մեկ երեխայի համար նախատեսվում է ծնողի վաստակի 1/4-րդը, երկուսի դեպքում 1/3-րդը, իսկ երեք և ավելի երեխաների դեպքում ծնողի աշխատավարձի կամ այլ եկամուտների կեսը։ Եթե ծնողը գործազրկության նպաստ ստացող է, այդ դեպքում այդ նպաստի 20%-ը»,- ասաց Սարգսյանը։

Մեր հարցին՝ արդյո՞ք հնարավոր է նշված գումարի չափը փոփոխել, փաստաբանն ասաց, որ դա հնարավոր է լինում փոխել դատարանի որոշմամբ․ «Դատարանը գործի ընթացքում ուսումնասիրում է կողմերի գույքային և ընտանեկան դրությունը, ուշադրության արժանի շահերը, և կարող է կամ ավելացնել կամ նվազեցնել գումարի չափը»։

Սարգսյանը հավելեց, որ հնարավոր է նաև ալիմենտը պահել կայուն դրամական գումարով․ «Երբ ալիմենտ վճարող ծնողը չունի մշտական աշխատանք, կամ աշխատավարձը ստանում է բնամթերքի տեսքով, ապա դատարանն ալիմենտի չափը սահմանում է կայուն դրամական միջոցներով»։

Հարցին, երբ առկա է լինում դատարանի վճիռ, սակայն ծնողը հրաժարվում է վճարել ալիմենտ ի՞նչ պատիժ է սահմանվում, ասաց․ «Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն, հարկադիր կատարողը, հարկադիր կարգով այդ գումարը գանձելու համար, տվյալ ծնողի աշխատավարձից գանձում է գումարը և ուղարկում ալիմենտի վճարման։ Հայաստանի հանրապետության քրեական օրենսգիրքը սահմանում է 173 հոդվածը՝ քրեական պատասխանատվություն «Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափել»-ը, երեք ամսից ավել չվճարելու դեպքում նախատեսվում է 100․000 հազարից մինչև 200․000 հազար դրամ տուգանք»։

Հարցին՝ արդյո՞ք պետությունն ինչ-որ կերպ աջակցում է այդ ծնողներին, ազատո՞ւմ է նրանց պետական վճարներից, Անահիտ Սարգսյանն ասաց․ «Ոչ, փաստաբանի վճարը կողմերի վրա է, պետությունը ոչ մի կերպ չի աջակցում, իսկ ալիմենտի գործով դատարան դիմելուց ազատվում են պետական տուրքից»։