Դժվար է գտնել մեկին, ով կարդացած չլինի «Մոխրոտը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կոշիկավոր կատուն»: Սրանք հեքիաթներ են, որոնց հիման վրա դաստիարակվել են երեխաների անթիվ-անհամար սերունդներ։ Այս հեքիաթները հիմք են դարձել օպերաների և բալետների, գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի, կտավների ու քանդակների համար։ Աշխարհահռչակ այս հեքիաթների հեղինակը գրող, գրականագետ և բանաստեղծ Շառլ Պերոն է։

Ֆրանսիացի հեքիաթասացը ծնվել է 1628 թվականի հունվարի 12-ին Թուրինում։ Նա լույս աշխարհ է եկել իր երկվորյակ եղբոր՝ Ֆրանսուայի հետ։ Շառլի ծնողները հարուստ և խելացի մարդիկ էին։ Հայրը պառլամենտական փաստաբան էր։ Մայրը ազնվական ծագմամբ խելացի և կրթված կին, ով իր ողջ կյանքը նվիրել է երեխաներին և տնային տնտեսությանը։ Շառլից բացի՝ նրանց ընտանիքն ուներ ևս հինգ երեխա։ Նրա երկվորյակ եղբայր Ֆրանսուան մահացավ ծնվելուց վեց ամիս անց։ Պերոյի կենսագիրները նշում են, որ ամբողջ կյանքում հեքիաթասացը տեսել է եղբոր ուրվականը։
Նրան դա հունից հանում էր հատկապես վաղ տարիքում, երբ դեռ չէր ընդունվել Բովեի քոլեջի արվեստի ֆակուլտետ։ Այնուհետև ուսումնառության տարիները, նոր ընկերների հայտնվելը մոռացնել տվեցին «եղբոր ուրվականի» մշտառկա ներկայությունը։ Պերոն ուսման մեջ առաջադիմեց այնքան, որ կարողացավ մշակել ուսուցման սեփական մեթոդը, ինչի շնորհիվ շատ արագ առաջ անցավ պատմության, գրականության և ֆրանսերենի դասընթացներից։ Նրան այլևս չէր բավարարում քոլեջի ուսումնական ընթացակարգը, այդ իսկ պատճառով որոշեց թողնել քոլեջը և զբաղվել ինքնակրթությամբ։ Արդյունքում նա հիանալի սովորեց հունարեն և լատիներեն, ինչպես նաև կարդաց բազմաթիվ գրքեր դասական գրականությունից։

23 տարեկանում Շառլը ստացավ իրավաբանի դիպլոմ։ Հոր հորդորով նա սկսեց աշխատել որպես իրավաբան, ինչը բացարձակ իր սրտով չէր։ Շուտով Շառլը աշխատանքի անցավ իր ճարտարապետ եղբոր՝ Կլոդի մոտ։ Այստեղ ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները հետագայում օգտակար եղան ապագա գրողին հատկապես այն ժամանակ, երբ նա դարձավ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ և մասնակցեց Լուվրի պալատի կառուցմանը։ 10 տարի անց Շառլը սկսեց աշխատել մյուս` հարկահավաք եղբոր մոտ։ Միաժամանակ նա զբաղվում էր գրական գործունեությամբ։ Արդեն գրել էր մի շարք կատակերգություններ և բանաստեղծություններ։
Տարօրինակ է, բայց նրա տաղանդը առաջինը նկատեց ֆինանսների նախարար Ժան-Բատիստ Կոլբերը, որի օգնությամբ էլ Պերոն դարձավ կառավարության քարտուղար և մշակութային խորհրդական։
1671 թվականին Շառլ Պերոյին ընդունեցին Ֆրանսիայի ակադեմիա։ Այս շրջանում նա արդեն հայտնի անուն էր ու հարուստ։ Նրա շքեղ տունը վերածվել էր գրական սալոնի, որտեղ հավաքվում էին երկրի հայտնի մարդիկ: Նախարար Կոլբերի մահը վերջ դրեց գրողի հաջողություններին. նա զրկվեց արքունիքի բարեհաճությունից։ Դադարեցվեց գրական աշխատանքի համար նրան տրվող թոշակը։ Իր դիրքը և նախկին հնարավորությունները վերականգնելու համար Պերոն նույնիսկ մի ձոն գրեց Լյուդովիկոսի պատվին, սակայն դա նրան չօգնեց։

44 տարեկանում Շառլ Պերոն ամուսնացավ 19-ամյա Մարի Գյուշոնի հետ։ Նրանց ամուսնությունը երջանիկ էր, բայց շատ կարճատև։ 6 տարի անց Մարին մահացավ ջրծաղիկից։ Նրանք հասցրել էին չորս երեխա ունենալ՝ երեք տղա և մեկ աղջիկ։ Կնոջ մահից հետո գրողն ընկավ խորը դեպրեսիայի մեջ և դարձավ շատ աստվածապաշտ։ Այս շրջանում նա գրեց «Սուրբ Պողոս» ու «Ադամը և աշխարհի արարումը» պոեմները։ Կնոջ մահից հետո Պերոն մնաց երդվյալ ամուրի։ Նա էլ երբեք չամուսնացավ և միայնակ մեծացրեց երեխաներին:
Տարիներ անց Շառլ Պերոյի կյանքում տեղի ունեցավ ևս մեկ ողբերգական իրադարձություն. նրա որդին՝ Պիեռը, մենամարտում դանակահարեց երիտասարդ հարևանին և բանտարկվեց։ Շառլ Պերոն մեծ դժվարությամբ որդուն ազատեց բանտից, սակայն մի քանի տարի անց Պիեռը գնաց պատերազմ և 1699 թվականին` ճակատամարտերից մեկի ժամանակ զոհվեց։ Սա սարսափելի հարված էր Շառլ Պերոյի համար, ինչից հետո նա չկարողացավ ուշքի գալ ու վերականգնվել։ Որդու մահից չորս տարի անց 75 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց նաև մեծ հեքիաթասացը։
Մինչ Պերոյի և որդու` Պիեռի մահը, 1697 թվականին տեղի ունեցավ նրա կյանքի ամենակարևոր իրադարձությունը. հրատարակվեց հեքիաթների ժողովածուն։ Այդ ժամանակ Շառլ Պերոն 69 տարեկան էր, իսկ որդին՝ 17։ Գրքի հրատարակման օրվանից սկսած չդադարեցին վեճերը, քննարկումներն ու բացահայտումներն այն մասին, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն է, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ գրվել է Շառլ Պերոյի որդու անունը՝ Պիեռ դ' Արմանկուր։ Ի՞նչն էր դրդել Պերոյին դա անել. պարզ չէ։ Միգուցե՞ արդեն հայտնի ու հեղինակություն ունեցող գրողն անհարմար էր զգացել տարիքից, միգուցե՞ իրոք` նա որդու հետ էր ստեղծել փրկության ճանապարհը փնտրող, չար ու եսասերներին կործանող իր հերոսներին։ Սակայն, մի բան հաստատ է. Պերոյի հեքիաթները հետաքրքիր են հենց իրենց երկակիությամբ` այստեղ երևում է և՛ ծերունի հոր իմաստուն միտքը, և՛ երեխայի պարզամտությունը։

Մեկ տարի անց ժողովածուն վերահրատարակվեց։ Հեքիաթների հաջողությունն այնքան մեծ էր, որ դրանք պարբերաբար հրատարակվում էին նաև հաջորդ քսան տարիների ընթացքում։ Եվ երկու տասնամյակ շարունակ ժողովածուի հեղինակը շարունակվում էր համարվել Պերո Կրտսերը։
Սակայն ժամանակի ընթացքում գրականագետների բազմաթիվ վերլուծություններից ու ուսումնասիրություներից հետո հաստատվեց, որ սիրված հեքիաթների հեղինակը Շառլ Պերոն է։ Հեքիաթների բովանդակությունը կամ շատ տեսարանների ու վայրերի նկարագրությունները հաստատում են, որ դա կարող էր գրել միայն հայր Պերոն։ Օրինակ. Քնած գեղեցկուհու պալատը, որի նախատիպը միանգամայն իրական Յուսե դղյակն է Լուարում, հեքիաթում նկարագրված է այնպես, ինչպես այն կարող էր տեսած լինել միայն Շառլ Պերոն և ոչ երբեք` նրա որդին։ Այս և նման վերլուծություններից հետո հրատարակիչները սկսեցին աշխարահռչակ հեքիաթները տպագրել արդեն Շառլ Պերոյի հեղինակությամբ։
Հետաքրքիրն այն է, որ Շառլ Պերոն իր կյանքի օրոք գրել է բազմաթիվ այլաբանական պոեմներ, ներբողներ, ուղերձներ, հրատարակել «XVII դարի Ֆրանսիայի հռչակավոր մարդիկ» հանրագիտարան-բառարանը, որտեղ ներկայացրել է 100-ից ավելի գիտնականների, բանաստեղծների, պատմաբանների, բժիշկների, նկարիչների կենսագրություններ, սակայն այս ամենից զատ նա պատմության ու գրականության մեջ մնացել է որպես աշխարհահռչակ հեքիաթագիր։ Նրա հեքիաթները մեծապես ազդել են նաև ապագա հեքիաթագիրների՝ Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի և այլոց ստեղծագործությունների վրա։
Պերոյի հեքիաթների սյուժեներով Ջակոմո Ռոսսինին ստեղծել է «Մոխրոտը», Բելա Բարտոկը՝ «Կապույտ Մորուք դքսի դղյակը» օպերաները, Պյոտր Չայկովսկին՝ «Քնած գեղեցկուհին», Սերգեյ Պրոկոֆևը` «Մոխրոտը» բալետները։
Նաիրա Եղիազարյան