Անտոնինա Մահարի. նա ինձ պետք էր օդի պես
copy image url

Անտոնինա Մահարի. նա ինձ պետք էր օդի պես

Մշակույթ 2 տարի առաջ - 23:00 28-12-2022
1923 թվականի դեկտեմբերի 29-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ծնվել է Անտոնինա Պավլիտայտեն` մեզ բոլորիս հայտնի Անտոնինա Մահարին։ Նա լիտվացի արձակագիր է, Հայաստանի գրողների միության անդամ, սակայն նրա ամենամեծ աշխատանքը, կոչումն ու առաքելությունը արձակագիր Գուրգեն Մահարիի կինը լինելն էր։



Անտոնինան սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում, եղել է անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ։ 22 տարեկանում ձերբակալվել է` հակախորհրդային քարոզչության, նացիոնալիզմի, շովինիզմի մեղադրանքով: Մեկ տարի Վիլնյուսի բանտում անցկացնելուց հետո Անտոնինային դատապարտել են 4 տարվա ազատազրկման։ Նրան ու իր պես շատերին բեռնատար փակ վագոնով Վիլնյուսից տեղափոխել են Ռուսաստանի Կոմիի ինքնավար մարզի աքսորավայր: Երբ ճամբարում ազատազրկման ժամկետը լրացել է, Անտոնինային հայտնել են, որ իր դեմ դարձյալ հեռակա դատ է եղել և նա դատապարտվել է ցմահ աքսորի: Տաժանակիր աշխատանքը, ցուրտը, սովը լրիվ ուժասպառ էին արել երիտասարդ կնոջը, սակայն ինչպես ինքն է հիշում. «Ես լաց չէի լինում, սիրտս քարացել էր ու բացի այդ` չէի ուզում ցույց տալ, որ ես թույլ եմ»։

Այսպես տասը տարի ապրելուց հետո Անտոնինան սիբիրյան ճամբարում ծանոթացավ Գուրգեն Աճեմյանի, նույն ինքը` Գուրգեն Մահարու հետ։ Հայ արձակագիրը Սիբիրում էր արդեն 17 տարի։ Նրան ձերբակալել էին «Բերիային սպանելու մտադրության» համար։ Անտոնինայի պես` Մահարուն էլ ազատազրկման ժամկետը սպառելուց հետո դատապարտել էին ցմահ աքսորի: Հայ գրողը ծանր հիվանդ էր ու պառկած էր մահամերձ հիվանդների սենյակում։ Բժիշկները հույս չէին տալիս. սպասում էին Մահարու մահվանը։ Միայն Անտոնինան էր, որ չէր կորցնում հույսն ու հավատը և նույնը փոխանցում էր Գուրգենին։



«Դժբախտ մարդ էր Մահարին և այդ պատճառով էլ նրան սիրում էի ու վերջ։ Ես ցանկանում էի փրկել նրան, նա մահանում էր, ցանկանում էի նրան դուրս բերել գերեզմանից: Դուք դա չեք հասկանա, դա միանգամայն այլ սեր էր։ Նա ինձ պետք էր օդի պես, ես էլ նրան», - հետագայում խոստովանել է Անտոնինան։

Այս սիրող կինը, իրոք, կարողացավ մեռնողի մահճից դուրս բերել Գուրգենին։ Նրանք ամուսնացան հենց ճամբարում։

«Այո՛, իմ ամուսինը ինքնատիպ էր ու հարուստ. նա ուներ տուբերկուլյոզի երկու օջախ թոքերում և 12-մատնյա աղիքի բաց խոց»,- գրում է իր հուշերում Անտոնինան։

1953-ին` Ստալինի մահից հետո, Մահարի ամուսնիններն ազատ արձակվեցին։ Անտոնինան երազում էր մեկնել Լիտվա, սակայն Գուրգենին մենակ չթողնելով` նրա հետ եկավ Հայաստան։ Սիբիրում ծնվել էր նրանց դուստրը` Ռութա-Նազիկը, ով դեռ մի տարեկան չկար, երբ Հայաստան վերադառնալուց հետո մահացավ։ Այս դժբախտությանը հաջորդեց երջանկությունը. մեկ տարի անց ծնվեց նրանց որդին` Գուրգենը։ Անտոնինան կարճ ժամանակ անց Լիտվա գնալու հնարավորություն ունեցավ, սակայն այնտեղ չգտավ ո՛չ ծնողներին, ո՛չ էլ եղբորը։ Մինչև կյանքի վերջը նա այդպես էլ չկարողացավ պարզել հարազատների գտնվելու վայրը։



Անտոնինան և Գուրգեն Մահարին միասին ապրեցին տասնվեց տարի։ Գուրգեն Մահարու մահը անասելի դաժան հարված էր կնոջ համար, և կրկնակի հարված, քանի որ իրենց 14-ամյա որդի Գուրգենը, հորը մեռած տեսնելով, հոգեկան ցնցում ու խանգարում ունեցավ և այդպես ապրեց մինչև կյանքի վերջը։ Անտոնինան որդուն թաղեց 2006 թվականին։

Նա հասցրեց Գուրգեն Մահարու մասին գրել իր «Իմ ոդիսականը», «Հուշեր», «Հուշեր և պատմվածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը» գրքերը։ Այս կերպ Անտոնինա Մահարին իրականացրեց ամուսնու խնդրանքը, ով մահից առաջ նրան ասել էր. «Անտոնինա, մի լքիր Հայաստանը, որպեսզի ոմանք չխեղաթյուրեն պատմությունը: Դու միակ մարդն ես, ով իմ մասին գիտի ճշմարտությունը, ու դու պետք է գրես»։



Անտոնինան ամուսնու մահից հետո ապրեց 49 տարի, մահացավ 2018 թվականին` 94 տարեկանում։ Հեղափոխությամբ ցնծացող Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնիսկ մահախոսականն ու մահազդը շատ համարեց։ Գրողների միության սուղ միջոցներով Անտոնինա Մահարուն դիահերձարանից միանգամից գերեզմանատուն տարան և թաղեցին Երրորդ գյուղի գերեզմանոցում՝ որդու կողքին։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում